Ներքին Միտք 2 տարի առաջ - 14:00 26-02-2024

Չեն վերարտադրվի. իշխանությունները հրաժարվել են արտահերթ ընտրությունների գաղափարից

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Չնայած խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում ընդդիմությունն է մշտապես արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջում, Հայաստանում պատկերը հակառակն է։ Դեռևս նախորդ տարեվերջից իշխանական և մերձիշխանական շրջանակները սկսեցին հրապարակ նետել այն քարոզչական թեզը, որ ընթացիկ՝ 2024 թվականին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, ինչը քաղական դաշտում լուրջ քննարկումների և խմորումների պատճառ դարձավ։

Բնականաբար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը պայմանավորված է նախևառաջ արտաքին զարգացումներով և սպասվող հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրով, որի ստորագրումից և վավերացումից առաջ գործող իշխանություններին անհրաժեշտ է վերահաստատել իրենց լեգիտիմությունը, սակայն ներքին շարժառիթներ նույնպես առկա են։ Գործող իշխանությունները, ովքեր վստահ էին, որ արտահերթ ընտրությունների արդյունքներով իրենց կհաջողվի վերաարտադրվել, մտադիր էին փոխել ներկայիս խորհրդարանական ընդդիմության կազմը՝ ազատվելով պայմանական «նախկիններից» և ԱԺ-ում առավել «կառուցողական ընդդիմություն» ունենալ։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման դիսկուրսը մեծ հույսեր էր առաջացրել պարբերաբար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներ ունեցող արտախորհրդարանական «ընդդիմադիր» կուսակցությունների շրջանում։ Վերջիններս համոզված էին, որ Փաշինյանի աջակցության, ինչպես նաև ընտրական շեմի 1% իջեցման (2021 թվականին ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո ԱԺ անցողիկ շեմը կուսակցությունների համար 5-ից իջեցվեց 4%-ի) շնորհիվ, իրենցից որոշներին կհաջողվի անցնել խորհրդարան և զբաղեցնել «կառուցողական ընդդիմության» աթոռները։

Իրականում ջինը վաղուց բաց է թողնվել շշից, իսկ առավել պարզ՝ արտահերթ ընտրությունների անցկացման դեպքում դրանք կարող են անակնկալ և անկանխատեսելի արդյունքներ ունենալ, ինչպես դա տեղի ունեցավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ ընդդիմությունը իշխանություն ձևավորելու գործնական հնարավորություն էր ստացել։

Մասնավորապես տարբեր փակ հարցումների արդյունքներով գործող իշխանությունը, որը դեկտեմբեր-հունվար ամիսներին ակնկալում էր ստանալ ընտրողների 30-35%-ի աջակցությունը և ԱԺ մուտք գործած «կառուցողական ընդդիմության» հետ կոալիցիա ձևավորելու միջոցով պահպանել իշխանությունը, ներկայիս իրավիճակում կարող է ստանալ ընտրողների միայն 15-20%-ի քվեները, իսկ «կառուցողական ընդդիմադիր» կուսակցությունից միայն մեկին է հաջողվելու հաղթահերել անցողիկ շեմը, ինչը իշխանություն ձևավորելու համար բավարար չի լինելու։

Հատկնշական է, որ անգամ իշխանության աջակիցները, կամ «քաղաքականությամբ չհետաքրքրվող» անձինք, ովքեր վերջին պահին իրենց քվեն տալիս են իշխանությանը, կամ «կառուցողական ընդդիմությանը» նույնպես դեմ են արտահերթ ընտրությունների անցկացման գաղափարին։ Օրերս իշխանությանն աջակցող և «կառուցողական ընդդիմության» ներկայացուցիչներից մեկին պատկանող լրատվամիջոցի կողմից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտության վերաբերյալ հարցում էր անցկացվել, որի նպատակը պետք է լիներ ԱԺ-ում «հեղափոխական արժեքները պաշտպանող ուժերի ներկայությունն ապահովելը», սակայն հարցվածների մեծամասնությունը բացասական էին պատասխանել հարցին։

Ավելին՝ թեև հարցումն ընդգծում էր ԱԺ-ում գտնվող ներկայիս ընդդիմությանը դուրս մղելու անհրաժեշտությունը, մասնակիցներից շատերը նշել էին, որ բացի ընդդիմությունից անհրաժեշտ է հեռացնել նաև գործող իշխանությանը, որի պաշտոնավարման յուրաքանչյուր հաջորդ օրը նոր կորուստներ է պատճառում երկրում։ Սա իշխանությունների շրջանում լուրջ մտահոգություններ է առաջցրել, և վերջիններս որոշել են ետքայլ անել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ իշխանությունները հասկացել են, որ իրենց նավը սկսել է շարժվել և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման դեպքում այլևս չեն կարողանա վերարտադրվել, ուստի հրաժարվել են այդ գաղափարից և որոշել, որ հաջորդ ընտրությունները կկայանան սահմանված ժամկետում՝ 2026-ի հունիսին։

Ստեղծված իրավիճակում Փաշինյանին հեռացնելու և կոալիցիոն իշխանություն ձևավորելու մեծ հնարավորություններ են ընձեռնվել ընդդիմադիր քաղաքական ուժերին, սակայն հարց է, թե որքանով վերջիններիս կհաջողի մի կողմ դնել իրենց տարաձայնությունները և միավորվել Փաշինյանին հեռացնելու գաղափարի շուրջ, քանի որ ընդդիմադիրները երբեմն միմյանց ավելի շատ են ատում, քան իշխանություններին։

Դավիթ Գույումջյան



Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում