Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 23-02-2024

Ձու չկա՞, թե՞ հավերը համաձայն չեն. համարժեք չարձագանքելու ռիսկերը 

Ռուս-ադրբեջանական եղբայրությունը սիրո և համերաշխության հերթական տեսարանը ցուցադրեց։ Մոսկվայի օդանավակայանում փետրվարի 21-ին ձերբակալված ադրբեջանցի ռազմական հանցագործ Քյամիլ Զեյնալլին, որը հետախուզվում է 44-օրյա պատերազմի ընթացքում արցախցի ծերունուն գլխատելու՝ մարդկության դեմ հանցագործություն կատարելու մեջ, ապօրինաբար ազատ արձակվեց ու վերադարձավ Բաքու, որտեղ նրան դիմավորեցին որպես հաղթողի։

Ըստ իրավաբանների՝ Մոսկվան այսպիսով խախտեց հայ-ռուսական իրավապայմանագրային պարտավորությունները։ Մարդկության դեմ հանցագործին ՀՀ-ին չհանձնելով, ՌԴ խախտեց նաև միջազգային նորմերն ու պարտավորությունները։

Փորձագիտական շրջանակում տարածվող տեսակետն այն էր, թե կատարվածը հարված է հայ ժողովրդի արժանապատվությանը։ Հանրային բուռն արձագանքը վկայում է, որ հայերի մեծ մասը խիստ վիրավորվել է։ Կա նաև այլ տեսակետ, թե Մոսկվան հակահայկական այս ցույցով հակադարձում է ՀՀ-ի՝ Հռոմի ստատուտին միանալուն, արտաքին և պաշտպանական ոլորտների դիվերսիֆիկացիայի փորձերին։ Մյուս կողմից ՝ Մյունխենի անվտանգային գագաթաժողովի շրջանակում հայ-ադրբեջանական բանակացային նոր էջ բացելուն ի պատասխան՝ Մոսկվան բեմադրեց այս ներկայացումը, ցույց տալով, որ կարող է ստորացնել Բաքվին, եթե նա շարունակի Երևանի հետ բանակցել եվրոպական միջնորդությամբ։

Հանրային խոսույթում Քարիմ Զեյնալլին համեմատվում է Ռամիլ Սաֆարովի հետ, որը կացնահարել էր քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Մոսկվայի արածն էլ համեմատվում է Հունգարիայի կողմից Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու հետ։ Այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց դեսպաններին և պարզաբանեց տեղի ունեցածը, Հունգարիայի հետ հարաբերությունները սառեցվեցին։

Ենթադրվում էր, որ ՀՀ իշխանությունները համարժեք կարձագանքեին կամ համարժեք արձագանքելու մասին կակնարկեին։ Առնվազն՝ կարող էին ՌԴ դեսպանին ԱԳՆ հրավիրել ու բողոքի նոտա հանձնել։ Բայց ՔՊ-ական բարձրաստիճան գործիչները չեն անդրադարձել հարցին։ Հավանաբար՝ նրանք հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն ավելի բարձր են գնահատում, քան օրենքը, արդարությունը, ազգային արժանապատվությունը։

Եթե իշխանությունները կաշկանդված են հայ-ռուսական հարաբերությունները պահպանելու պարտավորությամբ, կամ վախենում են, որ համարժեք դեմարշով կարող են իրենց անձը վտանգել, ապա ընդդիմադիր ուժերն այդպիսի կաշկանդվածություն ու պարտավարություններ ի պաշտոնե՝ չունեն։ Նրանք երբեմն կարողանում են մի քանի հազար մարդ հանել փողոց։ Բայց այս անգամ այդպիսի ցույց չեղավ ՌԴ դեպանատան դիմաց։ ՀՀԿ երիտասարդները, որոնք Ռամիլ Սաֆարովին արտահանձնելուց հետո խիզախորեն ձվեր էին նետում Հունգարիայի դեսպանատան վրա, այս անգամ ցույց չկազմակերպեցին, ՌԴ դեսպանատան վրա ոչ ոք ձվեր չնետեց։ Ի՞նչ է փոխվել, ձու չկա՞, թե՞ հավերը համաձայն չեն։

Այսպիսով երևակվեց, որ իշխանություններն ու ընդդիմությունը, մանավանդ՝ խորհրդարանական ՀՀԿ-ն, ազգային արժանապատվության մասին ունեն հատվածական ընկալումներ։ Երբ հարցը Հունգարիային է վերաբերում, ապա արձագանքը համարժեք է ու կոշտ։ Իսկ երբ Մոսկվան է ոտնահարում հայ-ռուսական իրավապայմանագրային պարտավորությունները և ազատ արձակում մարդկության դեմ հանցագործություն կատարածին, ապա դրա դեմ չեն բողոքում։

Այս միջադեպը հարված էր հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին, որոնցից գրեթե բան չի մնացել Արցախում ռուսների հակահայ գործողություններից հետո։ Լավ կլինի, եթե քաղաքական համայնքը գիտակցի, որ Մոսկվայի ակնհայտ ոչ բարեկամական վերաբերմունքը սպառնալիք չէ։ Դրան համարժեք չարձագանքելն է ստեղծում անվտանգային ռիսկեր։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ ՀՀ-ն ազգային ինքնագիտակություն չունի, ունակ չէ դիմադրելու հայ ժողովրդի արժանապատվության և ինքնիշխանության դեմ ոտնձգություններին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին