Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:45 29-01-2024

Տարածաշրջանում խնդիրներն ուժով են լուծվում. «Խաղաղության խաչմերուկն» անտրամաբանական է

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Չնայած Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող սպառնալիքներին և կոշտացվող հռետորաբանությանը, Հայաստանի իշխանությունները շարունակում են առաջ մղել «Խաղաղության խաչմերուկ»-ի ծրագիրը, որը, բազմաթիվ փորձագետների համոզմամբ, արդեն ձախողվել է։ Խորհրդարանական ընդդիմությունն, իր հերթին, կարծում է, որ այս նախագիծը չի կարող Հայաստանի համար խաղաղություն ապահովել։

Օրերս ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Գյումրիում անհեթեթություն որակեց «Խաղաղության խաչմերուկ»-ի ծրագիրը։ Պաշտպանության նախկին նախարարի համոզմամբ՝ իշխանությունները չեն հասկանում, որ խաղաղության խաչմերուկի լուսացույցը չի աշխատում։

Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նշեց, որ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարությունը շատ դիպուկ բնութագրում է ներկայումս ստեղծված իրավիճակը։ Պատգամավորի խոսքով՝ «Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները, այդ թվում խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, խոսում են այն մասին, որ ներկայիս իրավիճակում խաղաղության դարաշրջանի մասին խոսելն անտրամաբանական է։

«Մերձավոր Արևելքում, որտեղ ցնցումներն ընդհանրապես կանգ չեն առնում, և մեր տարածաշրջանում ուժի միջոցով հարցեր լուծելն է դարձել նորմալ, իսկ աշխարհում՝ բոլորը բարձրացնում են իրենց պաշտպանունակությունը, անգամ Շվեդիան, որն ավանդականորեն չեզոքություն էր պահպանում և չէր անդամակցում ուժային կառույցներին, այժմ միանում է ՆԱՏՕ-ին, անտրամաբանական է խոսել խաղաղության դարաշրջանի ու խաղաղության խաչմերուկի մասին՝ մոլորակի ամենաթեժ կետերից մեկում»,- ասաց նա։

Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ լուսացույցը չի աշխատում արտահայտությունն այն մասին է, որ այն բոլոր մեխանիզմները, որոնց մասին իշխանությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո խոսում են, չեն գործում։ Նա նկատում է, որ Ադրբեջանը խաղաղություն չի ցանկանում և անհնար է քեզ ուտել ցանկացող կոկորդիլոսի ախորժակը բավարարել՝ իր վրա ջուր շփելով։

«Այդպես չի լինում, աշխարհի ոչ մի վայրում նման նախադեպ չկա։ Խոսքը սրա մասին է, այլ ոչ թե նրա, որ ընդդիմությունը խաղաղություն չի ցանկանում։ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց չենք ուզում խաբված լինել, սրա մասին է խոսքը»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ են գործող իշխանություններն այս օրակարգը համառորեն առաջ մղում, երբ Ադրբեջանը զուգահեռաբար կոշտացնում է իր հռետորաբանությունը՝ մեր զրուցակիցը պատասխանեց՝ «քանի որ այդտեղ են տեսնում իշխանությունը պահպանելու հնարավորությունը»։ Նա ընդգծեց, որ մեր ժողովրդի մոտ, որը պատերազմ է տեսել ու իր լավագույն զավակներին է կորցրել, խաղաղություն ունենալու բնական ցանկություն կա։

«Իրենք խաղում են մեր ժողովրդի ամենանվիրական ու խաղաղասիրական զգացմունքի հետ, որովհետև այդտեղ են տեսնում մարդկանց խաբելու ու իրենց իշխանական աթոռները պահպանելու հնարավորությունը»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը