Ներքին 2 տարի առաջ - 16:14 10-01-2024

Կառավարությունն առաջարկում է հսկիչ գնման գործընթացի որոշ մասեր տեսաձայնագրել

Հարկային եւ Վարչական դատավարության օրենսգրքերում ու «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթով վարչարարական մի շարք փոփոխություններ են նախատեսվում: Թեմատիկ ստուգումների ընթացքի եւ դրանց արդյունքների հիմնական նպատակներից մեկը տեսաձայնագրումն է:

ԱԺ-ից հայտնում են, որ կատարված վարչարարական միջոցառման եւ արձանագրված խախտումների մասով որպեսզի հետագայում վեճ չառաջանա, թեմատիկ ստուգումների ավելի պարզ տեսաձայնագրում է առաջարկվում իրականացնել:

Մասնավորապես, հսկիչ գնումների՝ ՀԴՄ-ների թեմատիկ ստուգման շրջանակում նախատեսվում է հսկիչ գնման ընթացակարգի որոշ մասեր տեսաձայնագրել: Այսինքն՝ ստուգմանը նախորդող հատվածը, բուն հսկիչ գնման հատվածը չի տեսաձայնագրվելու, որից հետո տեսաձայնագրվելու է կատարված խախտման արձանագրման գործընթացը:

Չգրանցված աշխատողի դեպքում ամբողջ գործընթացը տեսաձայնագրելու հնարավորություն կա, ինչպես նաեւ բոլոր մյուս թեմատիկ ստուգումների դեպքում՝ ակցիզներ, դրոշմապիտակի ստուգում: Դրական առումով սա երկկողմանի փոփոխությունն է. թե՛ տնտեսվարողը, թե՛ ՊԵԿ-ը կարող են համոզվել թե՛ վարչարարության օրինականության, թե՛ կատարված խախտումն արձանագրելու օրինականության առումով:

Առաջարկվում է շրջանառությունը 24 մլն դրամը գերազանցող առեւտրի օբյեկտներին օրենքով պարտադրել ունենալ հսկիչ դրամարկղային մեքենայի հետ կատարվող գործողությունները տեսախցիկի տիրույթում պահելու կանոն: Եթե հետագայում տնտեսվարողը չընդունի, օրինակ, հսկիչ գնման փաստը, ապա տեսաձայնագրումը վկայակոչելու եւ այդ ապացույցը ներկայացնելու հնարավորություն կլինի: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ ներկայացնելով վերոնշյալ կարգավորումները՝ այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նշվել է, որ փոփոխություն կա նաեւ իրեր, փաստաթղթեր, էլեկտրոնային ծրագրեր վերցնելու, առգրավվելու ընթացակարգի մեջ. այս հարցում դատական հսկողություն է սահմանվում: Էլեկտրոնային կրիչներն առգրավվելուց հետո դրանց զննությունը թույլատրվելու է միայն նախնական դատական հսկողությամբ, այսինքն՝ դատական սանկցիա է անհրաժեշտ՝ հետագայում որոշակի ֆայլեր վերծանելու համար:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվել է ՀՆԱ-ի հարաբերակցությամբ քանակային եւ գումարային առումով ՀԴՄ-ների փոփոխությամբ: Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ անցած տարվա համեմատ ՀԴՄ-ների տպման թե՛ գումարային, թե՛ քանակային 7 տոկոսի աճ կա: «Մեր կանխատեսմամբ այս տարի առնվազն 0,5 եւ ավելի տոկոսային կետով հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավում կունենանք»,- նշել է նա:

Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի՝ ՊԵԿ-ի տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցին ի պատասխան՝ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ տեխնիկական միջոցների՝ տեսախցիկների ձեռքբերման գնում է իրականացվում ոչ միայն հարկային, այլ նաեւ մաքսային ծառայողների համար:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն էլ կարծիք է հայտնել, որ պարզաբանման կարիք ունի հարկային աշխատողների տեսախցիկների հետ կապված գործընթացը: «Տեսուչը տեսանկարահանում է ամբո՞ղջ գործընթացը, նաեւ գնմա՞ն պահը, թե որոշակի մաս բաց է թողնում: Եթե նկարահանում է նաեւ վաճառողին ու նաեւ խոսակցությունը, կա տեսակետ, որ դա միջամտություն է անձնական կյանքին»,- նշել է պատգամավորը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը տեղեկացրել է, որ փոփոխությամբ հարկային մարմնի կողմից տեխնիկական միջոցները կարող են օգտագործվել ոչ գաղտնի եղանակով: Թեմատիկ հարկային ստուգման ընթացքում իրականացվող հսկիչ գնման շրջանակում տեխնիկական միջոցներն օգտագործվում են մինչեւ հսկիչ գնում կատարելու պահը եւ կատարված հսկիչ գնման արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում խախտման արձանագրման ընթացքում: Նրա խոսքով առանձնահատկություն է սահմանված նաեւ հսկիչ գնման համար:

Պատգամավոր Դավիթ Առուշանյանի հարցին արձագանքելով՝ Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ փոփոխությունները վերաբերելու են միայն առեւտրային ոլորտին:

«Մենք գաղտնի տեսանկարահանում չենք իրականացնելու, մենք զգուշացնելու ենք տեսաձայնագրման փաստի մասին: Դա արվելու է բացահայտ, ոչ գաղտնի մեթոդով»,- շեշտել է ՊԵԿ նախագահն ու առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկները քննարկելու եւ լրամշակելու պատրաստակամություն է հայտնել:

Հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձ է եղել նաեւ տնտեսվարողի գործունեությունը խաթարող գործոններին, տնտեսվարողների իրավունքների պաշտպանությանը, գործունեության կասեցման հիմքերին, առգրավման գործընթացներին եւ այլն:

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը