Ներքին 2 տարի առաջ - 15:00 04-01-2024

Ադրբեջանն ավերել է Արցախի Թթու ջուր կոչվող տարածքում կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում Ադրբեջանը ավերել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը։ Այս մասին ահազանգում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը։

«Ինչպես հստակ երևում է ադրբեջանագետ Վարսիկ Սիմոնյանի տրամադրած լուսանկարներից, Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում Ադրբեջանը ավերել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին կանգնեցված խաչքար-հուշաղբյուրը։

Մինչ ադրբեջանական բռնազավթումը աղբյուր-հուշարձանր կանգուն էր, իսկ կենտրոնում և հուշարձանին կից կանգնեցված էին 2 խաչքարեր։ Իսկ տարածքի բռնազավթումից հետո արված լուսանկարից պարզ է դառնում, որ ոչնչացված են խաչքարերը, իսկ հուշարձանի ամբողջականությունը խաթարված և ներկերով պղծված։

Ադբեջանական լուրերի համաձայն՝ Աղանուս գյուղի մոտ գտնվող պատմական աղբյուրի շրջակայքում զանգվածաբար ծառեր են հատվել և հուշարձանի տարածքում պետք է կառուցվի հանգստի գոտի։

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման ցանկացած գործողություն արգելված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի ընդունած բազմաթիվ կոնվենցիաներով, Արդարադատության միջազգային դատարանի դրույթներով և այլ փաստաթղթերով։

Օկուպացված Քաշաթաղի Աղանուս բնակավայրի հուշարձան-աղբյուրի ամբողջականության խաթարումը և խաչքարերի ոչնչացումը արգելված է միջազգային օրենքներով։

Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։ Սովորութային օրենքները արգելում են ժառանգության ցանկաված ոչնչացում։ Մշակութային արժեքների պաշտապնությանն են վերաբերում միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ, 41 -րդ կանոնները։

Կարևոր է նշել, որ խաչքարերի թիրախավորումը հատկապես արգելված գործողություն է և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն, ինչպես նաև մեծ հետաքրքրություն է ներկայացնում համաշխարհային մշակութային գանձարանում։

Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։

Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց»,- գրված է monumentwatch.org կայքում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ