Ներքին 2 տարի առաջ - 17:00 24-11-2023

Ընդամենը 11 տարեկան եմ, բայց 3 պատերազմ եմ տեսել․ արցախցի տղայի պատմությունը

«Ես Ալեքսանդր Դավթյան եմ՝ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից։ Մի քանի օրից ես կնշեմ իմ ծննդյան 11 ամյակը։ Ընդամենը 11 տարեկան եմ, բայց արդեն տեսել եմ 3 պատերազմ։ Իմ երազանքն է ծննդյանս օրը նշել իմ ծննդավայր Ստեփանակերտում, իմ Արցախում։ Ցավոք, հիմա դա հնարավոր չէ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ալեքսանդրը։



Մեր փոքրիկ զրուցակցի մտապատկերում դաջվել է սեպտեմբերի 19-ը։ «Ես երբեք չեմ մոռանա այդ չարաբաստիկ օրը։ Ես դպրոցում էի, Հայոց եկեղեցու պատմության դասն էր, երբ լսվեց ռմբակոծության առաջին ձայնը։ Մենք դասարանցիներով իսկույն վազեցինք մեր դպրոցի նկուղը։ Այնտեղ մեզ ասացին, որ պատերազմ է սկսվել․․․ Ստեփանակերտում սովորում էի Գրիբոյեդովի անվան համար 3 դպրոցի 6-րդ դասարանում։ Հաճախում էի նաև Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի ջութակ բաժին և Ստեփանակերտի սպորտդպրոց, բասկետբոլի սպորտաձև։ Մենք ապրում էիք Ստեփանակերտի ամենասիրուն թաղամասերից մեկում՝ Բաղրամյանում։ Մեր տունը շատ մեծ էր, որտեղ յուրաքանչյուրս ունեինք մեր սենյակը։ Իսկ հիմա մեր կյանքն ամբողջովին փոխվել է․․․ տունը, որտեղ մենք ապրում ենք այսօր վարձակալությամբ է, 1 սենյականոց»,- անկեղծանում է մեր զրուցակիցը։




Արցախցի 11-ամյա տղան ցավով է նշում, որ այսօր հնարավորություն չունի շարունակել երաժշտական ուսումը, ինչպես նաև չի կարող սպորտով զբաղվել։ Ասում է, որ շատ էր կարոտել Ստեփանակերտի դասընկերներին, երևի իր սիրելի դասղեկը զգացել է և կազմակերպել է հանդիպում՝ դասարանցիների հետ։ «Մի անգամ արդեն մեր դասղեկը հանդիպում է կազմակերպել Երևանի բուսաբանական այգում։ Դասընկերներիս ու դասղեկիս հետ հաճելի ու անմոռանալի օր ենք անցկացրել։ Զբոսնեցինք, շատ խաղացինք, երգեցինք, վերհիշեցինք մեր լավ օրերը։ Հուսով եմ, որ ամբողջ աշխարհում վերջապես խաղաղություն կտիրի, իսկ ես, ինչպես նաև բոլոր երեխաները ու ազգս այլևս պատերազմ չենք տեսնի, ու մի օր անպայման կվերադառնանք մեր հայրենիք, մեր Արցախ»,- ասում է Ալեքսանդրը։

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
08:22 Նոյեմբերի 9-ին ձյուն և անձրև է սպասվում․ եղանակը կտրուկ կցրտի
08:00 Ուկրաինայի անվտանգության երաշխիքները մնում են բանակցությունների հիմնական թեման. Ռուբիո
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
08:35 Վրաստանը 3 ամսում ավելի շատ ռուսների է արտաքսել, քան ամբողջ նախորդ տարի
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան