Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:00 10-11-2023

Աշխատող համակարգը քանդելու իրավունք չունենք. Լիլիթ Մարտիրոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Չնայած Հայաստանում ակադեմիական քաղաքի կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են, այնուամենայնիվ ոլորտի մասնագետների մեծ մասը կարծում է, որ այդ ծրագիրը ձախողվելու է, իսկ եթե ամեն դեպքում այն հաջողվի իրականացնել ապա մի շարք նոր խնդիրներ է ստեղծելու է։ Փորձագետները նաև պնդում են, որ միայն բուհերի տեղափոխությամբ հնարավոր չի բարձրագույն կրթության որակը բարելավել, հարկավոր են ավելի առարկայական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի դասախոս, կրթության փորձագետ Լիլիթ Մարտիրոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ընդգծեց, որ արդեն իսկ նախադրյալներ կային առ այն, որ որոշումը վերանայվել է, և կային բուհեր, որոնք մնալու էին մայրաքաղաքում։

Նա Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիայի օրինակով ներկայացրեց, թե ինչու նպատակահարմար չեն համարում հենց Կոնսերվատորիայի տեղափոխումն ակադեմիական քաղաք, կամ առհասարակ Երևանից դուրս.

«Խնդիրն այն է, որ մասնագիտական կրթությունը գիտելիք է, որը կարելի է ստանալ ոչ միայն գրադարաններից և համապատասխան մասնագետներից, այլ նաև համապատասխան միջավայր է։ Երևանում են գտնվում բոլոր երաժշտական կոլեկտիվները՝ ֆիլհարմոնիան, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Կամերային Երաժշտության տունը, երաժշտական ընկերությունը, Կոմպոզիտորների տունը և այլն։ Ուստի ամբողջ միջավայրը կազմակերպված է Երևանում, ինչը նշանակում է, որ Կոնսերվատորիայում դասավանդող բոլոր դասախոսներն այս կամ այն կերպ կապված են իմ նշած հաստատությունների հետ, դրանց երաժշտական կյանքն են կազմակերպում, ներգրավված են դրանցում։ Այս մարդկանց համար վերին աստիճանի անհարմար է լինելու այստեղից գնալ հասնել մեկ ուրիշ վայր, այնտեղ դասավանդել և վերադառնալ։

Բացի այդ, Կոնսերվատորիայի շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում. ենթադրենք իրավաբանական հասցեն ոչ թե քաղաքից դուրս է, այլ ձևակերպված է քաղաքի ներսում, ինչը նույնպես խնդիր է, որովհետև դասախոսը ֆիլհարմոնիայից, Օպերայից, Կամերային տնից դուրս է գալիս և մտնում է Կոնսերվատորիայի շենք, և այս սկզբունքով է կազմակերպված ողջ մշակութային կյանքը»։

Մարտիրոսյանը գործող համակարգը շրջելու իմաստ չի տեսնում։ Նրա խոսքով՝ դա լոգիստիկ խնդիր է առաջացնելու։ «Եթե ցանկություն կա նոր կոնսերվատորիա ստեղծելու, խնդրեմ, թող ստեղծեն այլ վայրում. նրանց, ում հարմար կլինի, թող գնան դասավանդեն։ Այստեղ երաժշտական ամբողջ մշակույթն արդեն իսկ կազմակերպված է, աշխատում է և ժամանակի ընթացքում իրեն արդարացրել է՝ տալով շոշափելի արդյունքներ՝ ընդհուպ միջազգային մակարդակով։ Մենք աշխատող համակարգը քանդելու իրավունք չունենք, հատկապես այս իրավիճակում, երբ երկիրը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած»,- կարծում է նա։

Հարցին, թե միայն բուհերի տեղափոխությունը կարո՞ղ է նպաստել կրթական համակարգում առկա խնդիրների լուծմանը՝ մեր զրուցակիցը համոզված պատասխանեց՝ ոչ՛, չի կարող։ Նրա խոսքով՝ կրթության որակի ապահովումը կախված է ոչ թե տեղակայումից, այլ մի շարք այլ հանգամանքներից։ Նա նշում է, որ գործում է տարբեր չափանիշների մի ամբողջական համակարգ՝ սկսած առաքելության սահմանումից, կառավարումից, կրթական ծրագրերից, ուսանողների և դասախոսների հետ կապված խնդիրներից մինչև գիտահետազոտական գործընթացներ, միջազգայնացում, հասարակայնության հետ կապեր, ռեսուրսների ապահովվածություն և որակի ապահովման գործընթացներ։

«Այսինքն 10 հիմնական չափանիշներ կան, որով դիտարկվում է որակի ապահովումը, կամ գնահատվում է որակը։ Հիմա այստեղից վերցնել մի անորակ բան և տեղափոխել մեկ այլ իրավաբանական հասցե, որևէ կերպ դա չի կարող որակ ապահովել։ Եթե դրանք լինելու են նոր շենքեր, ապա կարող են միայն մեկ՝ ռեսուրսների չափանիշով դրականորեն ազդել տվյալ շենքում իրականացվող կրթական գործընթացների վրա, սակայն դա էլ խնդիրը չի լուծելու, որովհետև մնալու են լոգիստիկ խնդիրներ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ