Արտաքին 2 տարի առաջ - 14:23 09-11-2023

Զախարովան նշել է՝ «Խաղաղության խաչմերուկը» համահունչ է արդեն քննարկվող նախագծերին

Մոսկվայում Երևանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը համարում են կառուցողական և համահունչ այն նախագծերին, որոնք վերջին տարիներին արդեն քննարկվում են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։


Նրա խոսքով՝ եռակողմ աշխատանքային խումբը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ։ Ռուսաստանում կարծում են, որ այդ գործընթացը կարևորագույն դեր է խաղում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում, նպաստում է ողջ Հարավային Կովկասի տարանցիկ-լոգիստիկ ներուժի կայունացմանն ու բացահայտմանը:

Զախարովան հիշեցրել է, որ երեք երկրների ղեկավարները եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում էին կայացրել 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից ընդամենը մի քանի ամիս անց:

«Արդեն անցկացվել է այդ խմբի 12 նիստ, հսկայական աշխատանք է կատարվել՝ տարածաշրջանային լոգիստիկ ենթակառուցվածքի ներկա վիճակի գնահատման, երկաթուղային, ավտոմոբիլային հաղորդակցությունների օպտիմալ նախագծերի ընտրության մի մասը։ Հաջողվել է ընդհուպ մոտենալ փաթեթային լուծմանը, որը ձեռնտու է բոլոր կողմերին»,-ասել է Զախարովան։

Նա ափսոսանքով է նշել, որ այս հարցերում վերջակետ դնել դեռ չի հաջողվել։ Նրա խոսքով՝ ոմանք պարզապես դա անելու քաղաքական կամք չունեն, և դա Ռուսաստանը չէ։

Զախարովան վերահաստատել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու Մոսկվայի պատրաստակամությունը, այդ թվում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի բարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների դրույթների հիման վրա։

Ինչ վերաբերում է Հայաստանի ԱԱԾ կառուցվածքում հաղորդակցությունների պաշտպանության հատուկ ստորաբաժանման ստեղծմանը, նա հստակեցրել է, որ «նշված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն՝ Ադրբեջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը կոչված են իրականացնելու ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները»:

Միաժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պարզաբանել է, որ Ռուսաստանն առաջնորդվել է նաև Հայաստանի ապաշրջափակման խնդրով, այդ թվում նաև այն ժամանակ, երբ աջակցել է Երևանի և Անկարայի միջև երկխոսության վերսկսմանը:

Նա հիշեցրել է, որ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։
Ռուսաստանը 3+3 խորհրդատվական տարածաշրջանային հարթակը ևս մեկ լավ հարթակ է համարում տարածաշրջանի հարևանների և երկրների փոխգործակցության համար:

«2024 թվականին հարթակի հաջորդ նիստի ընթացքում Թուրքիայում կքննարկվի նաև տրանսպորտային թեմատիկան։ Այս ձևաչափի շրջանակներում Երևանի կառուցողական առաջարկը, վստահ եմ, պահանջված կլինի»,-եզրափակել է Զախարովան։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը