Ներքին 2 տարի առաջ - 16:30 04-11-2023

Մանկապարտեզի նկուղում էինք մնում, թուրքերը շրջում էին Ստեփանակերտի հրապարակում․ արցախցի

Արցախցի 43-ամյա Ալինա Գևորգյանը իր 7 հոգանոց ընտանիքի հետ Ստեփանակերտից է բռնի տեղահանվել։ Տիկին Ալինան ծնունդով Սումգայիթից է։ Ադրբեջանի կողմից Սումգայիթում իրականացրած ոճրագործությունից հետո, Գևորգյանների ընտանիքը տեղահանվել է։ Արցախցի կինը 3 անգամ տեղահանվելուց հետո հիմա իր ընտանիքի հետ միասին Գյումրիում է ապրում։

«Սումգայիթի դեպքերից հետո, մենք տեղափոխվեցինք Ստեփանակերտ, բայց 1992 թվականին, երբ ազատագրվեց Շուշին, մամայիս հետ տեղափոխվեցինք Գորիս, հետո 96-ին եկանք Շուշի, ամուսնացա Շուշիի շրջանի Քարին տակ գյուղում, 30 տարի ապրեցինք Քարին տակում, ոչ մի բանի կարիք չունեինք, ապրում էինք․․․»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Ալինա Գևորգյանը։

Արցախի կինը 5 երեխա ունի, որոնցից 3-ն ամուսնացած են, մյուս 2-ն էլ դպրոցական։ 2020 թվականի պատերազմը խաթարեց ընտանիքի անդորրը և հերթական անգամ ստիպված եղան թողնել տունն ու գնալ դեպի անորոշություն։

«Մենք գնացինք Երևան, տղաս ու ամուսինս մնացին դիրքերում։ Նոյեմբերի 9-ից հետո Քարին տակը ամբողջությամբ անցավ թշնամու վերահսկողության տակ։ Մեր 30 տարվա տունուտեղը մնաց թուրքին։ Մենք տեղափոխվեցինք Ստեփանակերտ, ապրում էինք հյուրանոցում, փառք Աստծո՝ լավ-վատ մեր հողում ապրում էինք։ Ես չաստում խոհարար էի աշխատում, տղաս էլի զինվորական ծառայության մեջ էր։ Ապրում էինք, բայց սեպտեմբերի 19-ը մեզ ծնկի բերեց»,- շարունակում է Արցախից բռնի տեղահանված կինը։

Տիկին Ալինան հիշում է.

«Մեծ աղջիկս ամուսնացած է եղել Ասկերանի շրջանի Հարավ գյուղում։ Զանգեցի, ասացի՝ Արաքս, ուզում եմ 1-2 օր գամ մոտդ մնամ, ասեց՝ մի 10 րոպե սպասի, խաբար կանեմ, ոնց որ վիճակը լավ չէ, մենք էլ կարողա Ստեփանակերտ գանք։ Ասեցի՝ լավ, հեռախոսը ատբոյ եմ տալիս, 5 րոպե հետո ռմբակոծությունը սկսվեց։ Հարսս հղի էր, ծննդաբերության օրերն էին, լացում էր։ Քանի որ մենք նկուղ չունեինք, հարևանի նկուղ գնացինք, 1-1․5 ժամ մնացինք նկուղում. հետո 2 զինվորական տղաներ եկան ասացին, որ այստեղ մնալը շատ վտանգավոր, եկեք ձեզ տանենք մանկապարտեզի նկուղը։

Գնացինք մանկապարտեզի նկուղ, շնչելու օդ չկար, 2 գիշեր մնացինք այդտեղ։ Կային մեծահասակներ, երեխաներ. մարդիկ լուր չունեին իրենց հարազատներից, կապ չկար։ 4 հոգով այդտեղ էինք, հարազատներիցս լուր չունեի, մեծ աղջկանիցս լուր չունեի, ով Հարավ գյուղում էր ամուսնացել։ Երեք օր հետո նոր աղջկանիցս լուր եմ ունեցել, որ պադվալում են։ Հետո գնացինք քաղաք, գիշերը տղաս դիրքերից տուն եկավ, հրաման էին տվել, որ զինաթափվեն, կիսատկլոր վիճակով տուն մտավ։ Իմ 5 երեխաները հավաքվեցին իրար գլխի։ Հարսիս 26-ին ճանապարհեցի, երեխան Գորիսում է ծնվել։ Ես ամսի 29-ին եմ դուրս եկել։ Թուրքերը շրջում էին Ստեփանակերտի հրապարակում, մեր տների մոտով․․․

2 օր ճանապարհ ենք եկել։ Գորիսում ենք մնացել, մեզ առաջարկեցին Կապան, բայց ճիշտն ասած՝ հրաժարվեցինք, որովհետև արդեն հոգնել ենք կրակոցներից, տեղահանվելուց։ Մայրս զանգեց ասեց՝ ես Գյումրիում եմ, էստեղ ազատ տներ շատ կան, էդպես եկանք Գյումրի»,- պատմում է 43-ամյա կինը։

Արցախից տեղահանված ընտանիքը Գյումրիում մի քանի օր հյուրատանը ապրեց, հետո Անի և Մուշ թաղամասերում են բնակարան գտել, բայց տիկին Ալինան ասում է, որ պայմաններն այն չէին։ Հետո ծանոթներից մեկն ասել է, որ Ալավերդի քաղաքում հարմար գնով տուն է գտել, բայց դա էլ Արցախցի ընտանիքի համար նորմալ չի եղել։ Վերջին կանգառը կրկին Գյումրին է եղել, հիմա Գյումրիում են ապրում։ Աշխատանք դեռ չունեն, բայց արցախյան ժենգյալով հաց են թխում։ Տիկին Ալինան ասում է, որ մեզ մի քիչ օգնեն, մենք պարապ նստող մարդիկ չենք, կստեղծենք, կապրենք։

«Շատ դժվար է, բայց դիմանում ենք, արդեն քարից ենք դարձել։ Ամեն ինչ կորցրեցինք մի վայրկյանում։ Նյութականը հեչ, ոնց էլ լինի կստեղծես, բայց մեր գերեզմանները, մեր մատղաշ երեխեքի արյունն է թափվել էդ հողի մեջ։ Առանց հաց, առանց գազ էլ կապրեինք, մենակ թե մեր Ստեփանակերտը չկորցնեինք»,- եզրափակում է Արցախից բռնի տեղահանված 43-ամյա Ալինա Գևորգյանը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ