Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:29 31-10-2023

Բաքոյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է Արցախից բռնի տեղահանվածներին վերաբերող հարցեր

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը եւ Լիլիթ Ստեփանյանը հոկտեմբերի 31-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին:

Ողջունելով հյուրերին՝ Ռուստամ Բաքոյանը շնորհավորել է դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հանձնաժողովի փոխնախագահը երախտագիտություն է հայտնել ֆրանսիական կողմին Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին շարունակաբար աջակցելու եւ սատարելու համար: «Մեր երկու երկրներն ունեն երկարամյա բազմաբեւեռ ամուր եւ առանձնահատուկ հարաբերություններ: Դրա վառ ապացույցն է օրեր առաջ հակաօդային պաշտպանության ոլորտում ֆրանսիական սպառազինությունների մատակարարման մասին մտադրությունների նամակի ստորագրումը»,- ասել է Ռուստամ Բաքոյանը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի անվտանգային մարտահրավերներին, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտմանն ու բռնի տեղահանությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին ու հայ բնակչության բռնի տեղահանությանը՝ նշվել է, որ դա տեղի է ունեցել ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման գոտում, եւ տեղի ունեցածը եռակողմ պայմանագրի չկատարման հետեւանք է:

Դեսպանը վերահաստատել է բարեկամ երկրի տեսակետը եւ շեշտել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունն ուժի կիրառման հետեւանքով է տեղահանվել: «ԼՂ բնակչության բռնի տեղահանությունը տեղի է ունեցել 9-ամսյա պաշարումից հետո: Կարեւոր է հաշվի առնել այն փաստը, որ Ադրբեջանն այս քայլին գնաց Ռուսաստանի Դաշնության մեղսակցությամբ եւ Թուրքիայի աջակցությամբ ու սատարմամբ»,- ասել է դեսպանը:

Այս համատեքստում հայ խորհրդարանականները կարեւորել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը:

Հանդիպման մասնակիցները բարձրացրել են ԼՂ-ից տեղահանված հայ բնակչությանը երկարաժամկետ աջակցություն տրամադրելու հարցն ու շեշտել, որ այդ հարցում ՀՀ-ն միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի:

Դեսպանը նշել է, որ Ֆրանսիան հայ ժողովրդի կողքին էր ինչպես ԼՂ շրջափակման 9 ամիսներին, այնպես էլ դրանից հետո:

Պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հյուրերին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն ու խնդրել այն իրականացնելու հարցում միջազգային գործընկերների աջակցությունը: Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանն էլ ներկաների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սեպտեմբերի 19-ից հետո անհրաժեշտություն է առաջացել ապահովել ԼՂ հայության վերադարձն ու անվտանգությունը: Նա կոչ է արել, որ միջազգային գործընկերները հասցեական կոչեր հնչեցնեն:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին, ԼՂ-ից բռնի տեղահանվածների ինտեգրմանը եւ ԵՄ դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր