Ներքին 2 տարի առաջ - 21:58 30-10-2023

«Երբ Արցախը պաշարված էր». ինչ են պատմել արցախցի գրողները բլոկադայի մասին գրքում

«Երբ Արցախը պաշարված էր» գիրքը, որը վերջերս է լույս տեսել, ամփոփում է մոտ 10 ամիս պաշարման մեջ գտնվող 20 գրողի ստեղծագործությունները։ Այսօր բոլոր այդ գրողները բնակություն են հաստատել Հայաստանում։

Այս մասին փոխանցում է «Արցախպրես»-ը։

Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը գրքի շնորհանդեսի ժամանակ խոստովանեց, որ երբ երեխան փողոցում հաց է փնտրում, գրողը այլ հարթության մեջ է հայտնվում, իսկ գրականությունն հետին պլան է մղվում։

«Հիմա ապրելու նոր բանաձև ենք փնտրում։ Ամեն օր պետք է մտածենք վերադարձի մասին, հակառակ դեպքում կկորցնենք Արցախը, այս անգամ` նաև մեր ներսից»,- ասաց Գասպարյանը։

Արցախցի գրող Նվարդ Ալեքսանյանն էլ ընդգծեց` այժմ երանի է տալիս այն 10 ամիսներին, երբ ոտքի տակ իր հողն էր։

«Հիմա դժվար ճանապարհ եմ անցնում, բայց երբ գրիչը ձեռքիս է՝ ես ես եմ, երբ ցած եմ դնում՝ ես չեմ»,– շեշտեց Ալեքսանյանը։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանի խոսքով` ժողովածուն Արցախի ժողովրդի և գրողների ճակատագրերի ցավալի միատեղումն է։

«Նրանց գրվածքները կարդալիս՝ սիրտդ ճմլվում է։ Ոմանք էլ, ինչպես այդ պաշարման մեջ կյանքից հեռացած, Արցախի գրողների միության երկարամյա նախագահ Վարդան Հակոբյանը, գրողի դաժան պայծառատեսությամբ, նախազգացել են ծննդավայր-երկրի կորուստը»,– նշեց Միլիտոնյանը։

Նշենք, որ գիրքը գրվել է Արցախի շրջափակման ժամանակ, իսկ դրա տպագրության պատրաստման փուլում արդեն Արցախից բռնի տեղահանությունն էր տեղի ունենում։
Նախապես որոշված է եղել գիրքը վերնագրել «Պաշարված Արցախ», սակայն կատարվածից հետո վերանվանվել է «Երբ Արցախը պաշարված էր»։

Միլիտոնյանը փաստեց` ինչպես ամեն ինչ չի լուծվում գրողի գրչի հարվածով, այնպես էլ չի լուծվում միջազգային կազմակերպությունների կոչերով ու հորդորներով, որոնք ի զորու չեն կանխել ազգակործան պատերազմները։

«Ժողովածուն, բացի գրողի հոգեվիճակն ու ապրումները նկարագրելուց, նախ և առաջ փաստ է և հավաստում, թե ինչ անմարդկային պայմաններում է ապրել արցախցի մարդը, գրողը», - ընդգծեց նա։

ՀՀ գրողների միության նախագահը հավելեց, որ վերադարձն Արցախ այս պահին անիրական է թվում, սակայն քաղաքական առումով այդ մասին հարկավոր է անդադար խոսել թշնամու դաժան կերպարը միջազգային ատյաններում ներկայացնելու համար։ Միլիտոնյանը նաև չափազանց կարևոր համարեց տվյալ ժողովածուն առաջիկայում անգլերենով և ռուսերենով թարգմանելու հարցը։

Նա շեշտեց` Հայաստանի գրողների միությունը և՛ Սփյուռքի, և՛ Արցախի, և՛ Հայաստանի գրողների միությունն է, իսկ նման հանդիպումները կարող են փոքր-ինչ մեղմել ցավն ու չկոտրել ապրելու կամքը։

Նշենք, որ 2022թ–ի դեկտեմբրի 12–ից ադրբեջանական կողմը փակել էր Լաչինի միջանցքը, այնտեղ ապօրինի անցակետ տեղադրել և արգելում էր մարդկանց ու բեռների տեղափոխումը Արցախ և Արցախից։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը