Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:19 12-10-2023

Հաց տալու փոխարեն՝ հաց աշխատելու ճանապարհ. աշխատանքի տոնավաճառ Գյումրիում

2000-ից ավելի Արցախից բռնի տեղահանվածներ ապաստանել են Շիրակի մարզում, նրանցից շատերը չեն կարողանում աշխատանք գտնել։ Մի դեպքում չկա իրենց հարմար աշխատանքի առաջարկ, մյուս դեպքում էլ առաջարկը կա, բայց աշխատավարձն է ցածր։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը Մանթաշյանց գործարարների միության Գյումրիի մասնաճյուղի, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության, Գյումրիի հայորդաց տան հետ համատեղ այսօր Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ՝ Արցախից բռնի տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած մեր հայրենակիցների համար:

Հացթուխներ, վաճառքի մենեջերներ, մաքրուհիներ, ծրագրավորողներ, առաքիչներ, կարողներ, գրաֆիկ դիզայներներ, վարորդներ․ 20 գործատուներ ներկայացրել են 100-ից ավել թափուր աշխատատեղեր:



Նարինե Բալաբեկյանը Արցախի Մարտունի քաղաքից է բռնի տեղահանվել։ Մասնագիտությամբ դասվար է, ասում է՝ եկել է ոչ միայն իր համար աշխատանք գտնելու, այլ նաև հարսի և տղայի։

«Ինձ հարմար ոչինչ չգտա, տեխնոլոգիաների հետ է կապված, ես էլ այն տարիքում չեմ, որ ցանկությունս մեծ լինի նոր բան սովորելու։ Եկա հույսով, որ մի հարմար աշխատանք կգտնեմ։ Տղաս ու հարսս էլ են աշխատանք փնտրում։ Հարսս հաշվապահ է մասնագիտությամբ, տղաս Արցախում պայմանագրային զինծառայող է աշխատել։ Հիմա առաջնայինը աշխատանք գտնելն է, որ մնացած հարցերին էլ լուծում տանք»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Նարինե Բալաբեկյանը։

Արցախից մեկ այլ տեղահանված՝ Վարդուհի Հարությունյանն էլ ասում է՝ պատրաստ է ցանկացած աշխատանք կատարել, միայն թե կարողանա ապահովել ընտանիքի առաջնային ծախսերը։



Աշխատանքի տոնավաճառին ներկայացված առաջարկի մեջ գերակշիռ մասը ՏՏ ոլորտին է վերաբերում։ Գյումրիի Տեխնո-կրթական ակադեմիայի տնօրեն Կարեն Նիկողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «Եթե ունենում են փորձառություն, միանգամից վերցնում ենք աշխատանքի, եթե փորձ չունեն, դասընթացի են մասնակցում, ընդունում ենք աշխատանքի։ Տեխնո-կրթական ակադեմիայում նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձին է հավասարազոր, իսկ առավելագույնը մինչև 1․5 միլիոն դրամը»։

Աշխատանքի տոնավաճառի հիմնական նպատակն է՝ աշխատանքի տեղավորում և կրթական ծրագրերի իրականացում երեխաների համար: Այսինքն՝ հիմնական առաքելությունը գործարարի և աշխատանք փնտրողի միջև կապ ստեղծելն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր