Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:39 12-10-2023

Կաշառք տալու, ստանալու և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով ձերբակալվել է 5 անձ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են հիշյալ տեսչական մարմնի, ինչպես նաև ոստիկանության պաշտոնատար անձանց կաշառք տալու նոր դրվագներ: Այս մասին հայտնել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Մասնավորապես՝ քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023 թվականի հունվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչ Մ. Հ-ն Երևան-Մեղրի մայրուղու՝ Սիսիան համայնքի հատվածում տեղակայված ՔՏՀԱ տեսչական մարմնի անշարժ հենակետի տարածքում ծառայություն իրականացնելիս ՀՀ քաղաքացի Մ. Թ.-ից կաշառք է ստացել՝ վերջինիս վարած գերբեռնված տրանսպորտային միջոցն առանց կշռման և առանց խոչընդոտների հենակետով անցկացնելու համար:

ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Գ. Հ.-ն էլ, ընդգրկված լինելով անշարժ հենակետի հերթափոխում և գտնվելով կշռման կետում, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, այն է՝ միջոցներ չի ձեռնարկել Մ. Թ.-ի վարած՝ պետական ավտոմոբիլային ճանապարհով թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցող, գերբեռնված բեռնատարը կանգնեցնելու և կշռելու ուղղությամբ և ըստ այդմ` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմել, որի արդյունքում Մ. Թ.-ն տուգանքի չի ենթարկվել:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2023 թվականի փետրվարի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Հ. Բ.-ն ՔՏՀԱ տեսչական մարմնի վերը նշված նույն հենակետի տարածքում ծառայություն իրականացնելիս, ՀՀ քաղաքացի Մ. Թ.-ի, ինչպես նաև ԻԻՀ երկու քաղաքացիների վարած գերբեռնված տրանսպորտային միջոցներն առանց կշռման և առանց խոչընդոտների հենակետով անցկացնելու համար կաշառք է ստացել Մ. Թ.-ից, իսկ նույն դասակի ոստիկան Կ. Հ-ն էլ դրդել է Մ. Թ.-ին՝ խմբով կաշառք տալ ՔՏՀԱ տեսչական մարմնի աշխատակցին:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2023 թվականի փետրվարի 23-ին «MAN» բեռնատարի վարորդ Կ. Մ.-ն բեռների կշռման վերը նշված հենակետն առանց խոչընդոտի անցնելու և իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու, այն է՝ ապօրինի անգործության դիմաց, հիշյալ հենակետի հերթափոխում ընդգրկված ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Ա. Մ.-ին խոստացել է կաշառք տալ:

10.10.2023թ. ՊՊԾ դասակի ոստիկաններ Հ. Բ.-ն և Կ. Հ-ն, ՃՈ տեսուչ Մ. Հ-ն, ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնատար անձ Գ. Հ.-ն, ինչպես նաև բեռնատարի վարորդ Կ. Մ.-ն ձերբակալվել են:

Կաշառք ստանալու համար Հ. Բ.-ին և Մ. Հ-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է:

«Ընդհանուր առմամբ՝ հիշյալ քրեական վարույթով ներկայում 11 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին