Ներքին 3 տարի առաջ - 14:19 21-09-2023

Հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող կանխել եղեռնագործությունը Արցախում. Ամենայն Հայոց Կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել:

«Այսօր համախմբվել ենք սրբազան այս կամարների ներքո միասնական աղոթք մատուցելու առ Աստված Հայաստան և Արցախ նվիրական մեր հայրենիքի խաղաղության և մեր ժողովրդի անվտանգ կյանքի համար:

Հայոց անկախ պետականության վերակերտման երեսուներկուերորդ տարեդարձը դիմավորում ենք մեծ տագնապների ու անհանգստությունների և նոր կորուստների ցավի մեջ։ Մեր մտքերն ուղղված են հայրենի Արցախ աշխարհին, որտեղ տևական ահաբեկումներից, բռնաճնշումներից և ավելի քան ինը ամիսների ամբողջական շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական լայնածավալ գործողություններ վերսկսեց՝ շարունակելով ցեղասպան իր քաղաքականությունը արյունալի ոճրագործություններով:
Մեր ժողովուրդը Արցախում այսօր կանգնած է գոյաբանական սոսկալի սպառնալիքների առջև: Հարյուր տարի անց քաղաքակիրթ աշխարհի հայացքի ներքո մեր ժողովուրդը վերստին ճաշակում է դառնությունը ցեղասպանության։ Վերստին ազատ ու անկախ կյանքի ու ազգային պատկանելիության համար հայը վճարում է իր կյանքով ու իր արյամբ։

Մենք հրաժարվում ենք հավատալ, որ քսանմեկերորդ դարի աշխարհում շարունակում է գործել ուժի իրավունքը, հրաժարվում ենք հավատալ, որ աշխարհի առաջնորդները չեն կարող միջոցներ գտնել կանխելու համար եղեռնագործությունը Արցախում: Մեր կոչն ենք ուղղում միջազգային կառույցներին, բարեկամ պետությունների ղեկավարներին՝ անհետաձգելի և առավել ազդու միջոցներ գործադրելու Ադրբեջանի ցեղասպան գործողությունները կասեցնելու համար: Կոչ ենք ուղղում մեր երկրի իշխանություններին, ազգային կառույցներին, քաղաքական, հասարակական գործիչներին՝ ամեն ջանք ներդնելու արցախահայությանը նոր պատուհասներից փրկելու համար։ Ազգային մեր կյանքում երկպառակությունը, կործանարար անտարբերությունը, քաղաքական ներհակությունները, հասարակական բևեռացվածության պատճառով համախմբվելու անկարողությունը նորանոր հարվածներ պիտի հասցնեն մեր ազգին և հայրենի պետականությանը։ Մեզ պետք է միաբանություն՝ փորձությունները հաղթահարելու և վերհառնելու համար, անդավաճան հայրենանվիրում՝ պետության անվտանգությունն ապահովելու և հզորանալու համար, պատասխանատվություն ու բարձր գիտակցություն՝ համազգային ու պետական մեր շահերի պաշտպանության և նվիրական իղձերի իրականացման համար։

Արցախի հավատավոր սիրելի զավակներ, Հայրական Մեր օրհնությունն ու աղոթքն ենք բերում ձեզ և Մեր զորակցությունը հայտնում Արցախի իշխանություններին։ Ծանր պատասխանատվության առջև եք կանգնած և, ցավոք, միայնակ եք կրում ձեր տառապանաց խաչը։ Մեր ցավն ու վիշտն ընդհանուր է, մեր կորուստների և հայրենի երկրին հասցված դաժան հարվածների դառնությունն ու տխրությունը ամենքիս սրտերում են։ Վճռական այս պահին թող Աստված ապավեն լինի, մխիթարի ու գոտեպնդի ձեզ՝ դիմակայելու նեղություններին ու դժվարություններին, և Տիրոջ ողորմությամբ ձեր և ձեր զավակների կյանքի ընթացքը լինի անվտանգ ու ապահով։ Այս ծանր իրավիճակում, մեր պատմության փոթորկահույզ ժամանակները հաղթահարած մեր նախնյաց օրինակով, հույսով և հավատով զինվենք ու զորանանք՝ ըստ սաղմոսերգուի խոսքի. «Եթե նույնիսկ անցնեմ մահվան ստվերների միջով, չեմ վախենա չարից, քանզի դու, Տեր, ինձ հետ ես» (Սաղմ. 22.5)։

Սիրելի ժողովուրդ ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս, միասնաբար աղոթք բարձրացնենք առ Երկնավոր Տերը՝ հայցելով, որ Բարձրյալն Աստված խաղաղության Իր շնորհները հեղի հայոց աշխարհին, ամուր ու հաստատուն պահի հայոց պետականությունը և ազգասիրության ու հայրենասիրության մեջ՝ վճռական ու անսասան մեր ժողովրդին:

Տիրոջ սերը, շնորհը և խաղաղությունը թող լինեն մեզ հետ այժմ և միշտ. ամեն»,- ասվում է ուղերձում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը