Ներքին 3 տարի առաջ - 18:35 07-09-2023

Հայաստանն Ադրբեջանից ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը

ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության առնչությամբ:

«Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը և լրատվամիջոցներն իրենք են հրապարակել Հայաստան-Ադրբեջան սահմանի մոտակայքում և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ադրբեջանական զորքեր կուտակելու մասին վկայող տեղեկություններ, ինչը հաստատվում է նաև այլ աղբյուրների տեղեկատվությամբ:

Վերոհիշյալ ելույթում ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում և 2023թ. մայիսի 14-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածություններին, ինչով վերահաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության անվերապահ ճանաչումը:

Հայաստանն Ադրբեջանից ոչ մի տարածքային պահանջ չունի և նույնն ակնկալում է Ադրբեջանից, որը մինչ օրս հրապարակայնորեն չի հաստատել իր հավատարմությունն այդ պայմանավորվածություններին:

Հայաստանը շահագրգռված չէ ռազմական էսկալացիայով, նախկինում առաջարկել է, հիմա էլ առաջարկում է նման ռիսկերը բացառելու մեխանիզմներ, որոնք մինչ օրս անպատասխան են մնացել, և պատրաստ է քննարկել արդյունավետ այլ մեխանիզմների ներդրումը նույնպես:

ՀՀ պատրաստ է շարունակել ակտիվ ջանքեր ներդնել հնարավորինս շուտ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքներն ավարտելու և այն ստորագրելու ուղղությամբ:

ՀՀ նվիրված է և շարունակում է հավատարիմ լինել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության օրակարգին՝ միևնույն ժամանակ ընդգծելով պաշտոնական Բաքվի կողմից նույնպիսի հռետորաբանության և գործնական ազդակների անհրաժեշտությունը:

Ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը, Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը և Բաքու-Ստեփանակերտ երկխոսության բացակայությունը՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում, չի նպաստում տարածաշրջանում մթնոլորտի բարելավմանը»,-ասվում է հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում