Ներքին 3 տարի առաջ - 15:43 04-09-2023

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավարը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը:

Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

«Դուք այն եզակի մարդկանցից եք, որ շատ լավ գիտեք Հայաստանը և նաև աշխատանքի բերումով հետևել եք Հայաստան-ԵՄ համագործակցության վերջին տարիների ընթացքին: Մեր համագործակցությունը շատ լայն շրջանակ է ընդգրկում, ինչպես նաև ընթացքում նոր գաղափարներ, նոր ծրագրեր են առաջանում, որոնք ընդլայնում են այդ շրջանակները:

Այս դժվար ժամանակներում նույնիսկ այդ աշխատանքը չի կանգնում՝ ընդգրկելով քաղաքական երկխոսությունից սկսած և ավարտած մեր առօրյա կյանքին վերաբերող շատ ոլորտներ:

Դա միանշանակ պայմանավորված է երկու կողմերի պատրաստակամությամբ, պայմանավորված է Եվրամիության ակտիվ մասնակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, Ադրբեջան-Հայաստան հակամարտության խնդիրների լուծման աշխատանքներին և, իհարկե, այս տարվա փետրվարից Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությամբ:

Հենց սա է գնահատելի, որ Եվրամիությունը շատ արագ արձագանքեց մեր նոր մարտահրավերներին, որոնք ծագեցին հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, և իրականում, մեր քաղաքական ու տնտեսական կյանքում Եվրամիության հետ հարաբերությունները նոր թափ են հավաքել և լրջագույն ու առաջնային դեր ունեն»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Դեսպան Մարագոսը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է.
«Պարոն նախագահ, շնորհակալություն ողջույնի խոսքի և ջերմ ընդունելության համար: Ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ այստեղ ծառայելու եմ որպես կապող օղակ ԵՄ կառույցների, Բրյուսելի, ինչպես նաև ԵՄ-ի քաղաքացիների միջև, որովհետև, ի վերջո, այն աջակցությունը, որ Եվրոպական միությունը ցուցաբերում է Հայաստանին, մեր քաղաքացիների համատեղ ներդրումն է»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն բազմաշերտ համագործակցության հետագա ընդլայնման ու խորացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման գործընթացին: Երկուստեք շեշտվել է ամենատարբեր ոլորտներում՝ սկսած պետական կառավարման համակարգի բարեփոխումներից, վերջացրած արևային էներգիայի կիրառման ընդլայնման շուրջ համագործակցության կարևորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հարավկովկասյան տարածաշրջանային իրողությունների և այս համատեքստում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կարևոր դերակատարության վերաբերյալ:

Նախագահ Խաչատուրյանն ընդգծել է իր պատրաստակամությունը՝ հնարավորության սահմաններում աջակցել նորանշանակ դեսպանին պատասխանատու գործունեության ընթացքում և օժանդակել Հայաստան-ԵՄ փոխգործակցության հետագա սերտացմանը միտված նախաձեռնություններին:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ