Ուղիղ եթեր
Մշակույթ 2 տարի առաջ - 22:24 30-08-2023

Նա մի վիշտ ուներ իր սրտի խորքում, մի վիշտ՝ ոչ մեկին հաղորդած․ Մուրացանի հիշատակի օրն է

Իր ծնունդով ապագա գրող Մուրացանը հաղթել էր մահին։ 1857 թ․ էր, Շուշի․․․ Մոլեգնում էր համաճարակը, և լույս աշխարհ եկած մանկիկը՝ Գրիգորը, կարծես հրաժեշտ էր տվել կյանքին՝ հազիվ 3 կարճ տարիներ վայելելով կյանքի բերկրանքը։ Ծնողները երեխայի անշնչացած մարմինը դրել էին դագաղի մեջ և դուրս բերել: Այդ տարի սև ծաղիկ հիվանդությունից այնքան զոհեր կային Շուշիում, որ քահանաները չէին հասցնում ամեն հանգուցյալի համար թաղման կարգ կատարել: Նրանք անցնում էին փողոցներով, վերցնում նախապես տան շեմին դրված դագաղները և արագ տանում գերեզմանատուն՝ ընթացքում աղոթք կարդալով: Հիմա էլ եկել էին երեքամյա տղային թաղելու: Բայց հազիվ էին բաձրացրել դագաղը, երբ սև ծաղիկից այլակերպված փոքրիկը կենդանության նշաններ ցույց տվեց: Մուրացանը՝ այն ժամանակ դեռ Գրիգոր Տեր-Հովհաննիսյանը, շարունակեց ապրել:

Այսօր հայ նոր գրականության նշանավոր ներկայացուցիչ, արձակագիր, ռոմանտիզմի ներկայացուցիչ Մուրացանի հիշատակի օրն է։

Ավետիք Իսահակյանն իր հուշերում պատմում է, որ Մուրացանի հետ ծանոթացել է 1902-1903 թթ․ Հովհաննես Թումանյանի Վերնատանը։



«Շատ հարգալից էինք նրա հանդեպ։ Նստում էր Թումանյանի կողքին և լուռ լսում էր մեզ։ Վերնատան նահապետը՝ Ղազարոս Աղայանը, բարձր ու հզոր ձայնով խոսում էր, Թումանյանն ուրախ բաներ էր պատմում, ու Մուրացանի աչքերը ժպտում էին մեղմորեն։ Թվում էր, թե նրան հաճելի էր մեր շրջանը։ Հաճախ մասնակցում էր մեր խոսակցություններին, զրույցին, հարցերին, սակայն սովորաբար սակավախոս էր։ Եվ երբեք չէր խոսում իր մասին, իր գործերի մասին։ Առհասարակ հեզ, համեստ բնավորության տեր մարդ էր։ Ես զգում էի, որ նա մի վիշտ ուներ իր սրտի խորքում, որ գաղտնի մաշում էր նրան, մի վիշտ՝ ոչ մեկին հաղորդած։ Մեր մեջ նստած՝ միտքը ուրիշ բանի հետ էր, հայացքը՝ մի հեռավոր կետի հառած»,- գրում է Իսահակյանը։

Եվ իսկապես, Մուրացանն անձնական կյանքում դժբախտ մարդ էր։

1885 թ․ Մուրացանն ամուսնանում է Ոսկեհատ Թավրիզյանի հետ։ Ոսկեհատին Մուրացանը հանդիպել էր պատանի հասակում և սիրահարվել միանգամից։ Թիֆլիսում ապրելու տարիներին նա անվերջ նամակներ էր գրում Ոսկիին, սեր խոստովանում։ Նամակներն իրենց արդյունքը տալիս են, Ոսկիի սիրտը փափկում է։ Որոշում է տեղափոխվել Թիֆլիս՝ ուսման պատրվակով, իսկ իրականում՝ Մուրացանի կողքին լինելու ցանկությամբ։ Ոսկին ընդունվում է մանկավարժական կուրսերի և հաջողությամբ ավարտում դրանք։



Մուրացանն ամուսնությունից հետո էլ ջերմագին հարաբերություններ ուներ կնոջ հետ։ Երբ կինը երեխաների հետ Շուշի էր գնում, շարունակում էր նրան սիրային նամակներ գրել։ Ոսկին գրեթե բոլոր նամակները թողնում էր անպատասխան, քանի որ զգացմունքային չէր, և ամուսնու սիրային զեղումներն այնքան էլ նրա սրտով չէին։

Կնոջ սառնությունը շատ էր տանջում Մուրացանին, նա տագնապների մեջ էր, երազներ էր տեսնում, վախեր ուներ, որ կինն իրեն դավաճանում է։ Իսկ այդ կասկածները անհիմն չէին․․․



Ոսկին կապվում է Սպանդար Սպանդարյանի հետ, որը Մուրացանի մտերիմ ընկերն էր։ Այս սիրավեպի մասին բոլորը գիտեին։ Ցավոք, նաև Մուրացանը։ Այս փաստը հոգեպես մաշում էր նրան, սրան գումարվում էր նաև նյութական ծանր վիճակը և հաշվապահի հոգեմաշ աշխատանքը։

Դա 1908-ի օգոստոսի 30-ն էր․ Մուրացանը մահացավ միայնության մեջ։

Նրա՝ Ոսկիին ուղղված վերջին նամակի վերջին տողերն են. «Ե՛կ, իմ կյանք, իմ ուրախությու՛ն, իմ երջանկությու՛ն, իմ երկի՛նք և արքայությու՛ն, ե՛կ, որ ապրեմ, ե՛կ, որ կյանքը քաղցրությամբ ճաշակեմ»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ