Ներքին 3 տարի առաջ - 19:44 12-07-2023

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիին: Այս մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։

«Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Պիետրո Պարոլինի անձնական ներդրումը՝ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում: Նախագահը նշել է, որ մեր ժողովրդի համար այս դժվարին ժամանակահատվածում Նորին Վսեմության օրհնությունն ու աջակցությունն իսկապես անհրաժեշտ և գնահատելի են: «Մենք բարձր ենք գնահատում նաև Սուրբ Աթոռի և Հայաստանի հարաբերությունները, որոնք իրենց երկարամյա պատմությունն ունեն և վերընթաց զարգանում են: Այդ հարաբերությունները հիմնված են այնպիսի արժեքների վրա, ինչպիսիք են քրիստոնեական արժեքները, խաղաղությունը, արդարությունը, մարդու իրավունքները:

Մենք հավատարիմ ենք խաղաղության հասնելու մեր հանձնառությանը, և գնում ենք այդ ուղով: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սուրբ Աթոռի և Սրբազան Քահանայապետի ջանքերի, հորդորների և աղոթքների համար՝ ուղղված մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը:

Իհարկե, մեր հարաբերությունների զարգացման գործում քաղաքական բարձր մակարդակի հանդիպումները մեծ նշանակություն ունեն և բազմաթիվ փոխայցելությունները հանգեցրել են նրան, որ մենք հաստատել ենք բարձր մակարդակի երկխոսություն: Համոզված եմ՝ Ձեր այցելությունը ևս իր նպաստը կբերի մեր հարաբերությունների խորացման գործում»,- իր ողջունի խոսքում ասել է նախագահը:

Կարդինալ Պիետրո Պարոլինը շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին հյուրընկալության և ջերմ խոսքերի համար: «Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվել: Իմ այս երկօրյա այցելության մեկնարկը տրվեց այսօր առավոտյան Ծիծեռնակաբերդ այցելությամբ՝ զոհերի հիշատակը հարգելով: Ես կարողացա խորացնել (անշուշտ, նախապես քաջատեղյակ էի) պատմական տեղեկությունները, որոնք վերաբերել են հայ ժողովրդին բաժին հասած այդ ողբերգությանը:

Ես նույնպես կցանկանայի ընդգծել այն գերազանց հարաբերությունները, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության և Սուրբ Աթոռի միջև: Ճիշտ նկատեցիք փոխայցելությունները բազմաթիվ են, և սա նշան է, որ առկա են լավ հարաբերություններ, ինչպես նաև ձգտում դրանք ավելի խորացնել ու զարգացնել»,- նշել է Սուրբ Աթոռի պետքարտուղարը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից ավելի քան 7 ամիս շարունակվող Լաչինի միջանցքի արգելափակմանը: Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի փաստացի մեկուսացումը ստեղծել է հումանիտար ճգնաժամ, որը ուղեկցվում է գազամատակարարման, էլեկտրականության և հեռահաղորդակցության արգելափակումներով։

Սուրբ Աթոռի պետքարտուղարն ընդգծել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու, ինչպես նաև կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը: Այս համատեքստում, զրուցակիցները կարևորել են բանակցությունների շարունակականության ապահովումը, որի արդյունքում միայն հնարավոր կլինի հասնել խաղաղության: Երկուստեք կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների պաշտպանության համար երաշխիքների առկայությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը