Մշակույթ 3 տարի առաջ - 21:45 06-07-2023

Գրասեղանին հակած է մի ալևոր, փոքրամարմին, անարյուն, դալուկ մի սուրբ … և գրում է․ Ղևոնդ Ալիշանի ծննդյան օրն է

203 տարի առաջ այս օրը Կոստանդնուպոլսում ծնվել է հայ բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանը։

Ալիշանը հայ աշխարհաբար պոեզիայի հիմնադիրն է ու նրա ականավոր ներկայացուցիչներից մեկը։ Նրա գրչին են պատկանում նաև հայոց պատմության, հնագիտության, աշխարհագրության վերաբերյալ բազմաթիվ ստվարածավալ աշխատություններ, որոնք փաստագրական հսկայածավալ նյութ են պարունակում մեր ժողովրդի պատմական համարյա բոլոր շրջանների և գրեթե բոլոր բնագավառների վերաբերյալ։



Իր սիրելի Հայոց աշխարհիկը երբևէ չտեսած այս հայն այնքան լավ էր ճանաչում իր հեռավոր հայրենիքը, որ նման հայրենաճանաչության մասին կերազեր ցանկացած հայ։

Վենետիկում գտնվող Ավետիք Իսահակյանը այցելել էր Մխիթարյան միաբանություն և ծանոթացել Ալիշանի հետ։ Նա իր հուշերում պատմել է այդ հանդիպման մասին։

«Մի վայրկյան դիտում եմ անշուք խուցը … Ամեն կողմ գիրք` աթոռների վրա, սեղանի վրա. մի պարզ անկողին` սնարին Աստվածամոր պատկերը. Մի փոքր սեղանի վրա մի գրաֆինկա` ջրով լի, կողքին մի բաժակ: Եվ ուրիշ ոչինչ:

Ալիշանը բարձրացնում է գլուխը, խոշորացույց ակնոցների միջով նայում են ինձ երկու փայլուն, մեծ աչքեր:



Հուզմունքով համբուրում եմ ջլուտ ձեռքը, որ կերտել է այն պատկառելի հատորները:

- Ապրիք, զորանաք, ուրկե՞ կուգաք, - հարցնում է Ալիշանը տակավին առույգ ձայնով:

Հայր Սիմոնը պատասխանում է իմ փոխարեն.
- Ուսանող է Վիեննայի, կովկասահայ է:

Ես հայտնում եմ իմ մեծ ուրախությունը, որ բախտ ունեցա տեսնելու մեր բոլորիս պաշտելի Նահապետին և այսպես առույգ, առողջ … Ալիշանը ժպտում է մեղմակի, ապա հարցնում է' ի՞նչ եմ ուսանում, ինչքա՞ն պիտի մնամ Վենետիկ:



- Ես կրնամ ձեզի սուրճ հրամցնել. վարդապետ, գնա՜ մեզի համար սուրճ ապսպրե:

Ես շնորհակալ եմ, հրաժարվում եմ սուրճից:

- Սակայն դուն գնա՜, - ասում է Ալիշանը:

- Կովկասի հայերը սուրճ չեն սիրեր. դուք թեյ կսիրեք:

Ասկե շատ տարիներ առաջ պարոն Մինասարովը, հայտնի ազգային մը, գիտե՞ք զինքը:

- «Քնար Հայկական»-ի խմբագիրը, թերևս:

- Ապրես, գիտուն մանչ ես. այո՛, ան Պետերբուրգեն այցի էր եկած վանքը ու ինձի սամովար մը նվեր բերած էր. ըսավ ինձի – վարդապետ, թեյ խմել սովորե, աշխատանքի ժամանակ աղեկ է: Չգործածեցի, հոն կմնա վանքի մեկ անկյունին մեջ:



Տպարանում գնել էի Ալիշանի մեծ լուսանկարը, հիմա խնդրում եմ, որ բարեհաճի իր անունը գրել նկարի ներքո, որ շատ թանկագին հիշատակ կլինի ինձ համար:

Ալիշանը ամուր ձեռքով, դանդաղ ստորագրում է իր ներշնչող անունը»:

Հայր Ալիշանի հետ մտերմացած բանաստեղծը խոսք էր տվել նրան, որ մյուս անգամ այցելելիս իր հետ հայոց հող պիտի տանի։ Բայց ցավոք, Իսահակյանն ուշացավ։ Հաջորդ այցին Հայոց աշխարհիկի մեծ սիրահարն արդեն մահացել էր։

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը