Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:00 03-07-2023

Ադրբեջանի համար կարող է այլևս նման բարենպաստ իրավիճակ չլինել. ինչո՞ւ է շտապում Ալիևը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո ադրբեջանական կողմը՝ այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, պարբերաբար հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ավարտվել է, և Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել ու վերջ տալ թշնամանքին։ Չնայած պաշտոնական Բաքվից հնչող նման հավաստիացումներին՝ նախորդ տարիներին այդ երկրի կողմից ձեռնարկված քայլերն առնվազն հակառակի մասին են վկայում։

Բնականաբար Ադրբեջանը 2020 թվականին պատերազմի դաշտում իր արձանագրած հաջողությունները ցանկանում է լեգիտիմացնել և փաստաթղթավորել այն իրավիճակը, որին նա հասել է Արցախի դեմ ագրեսիայի և բազմաթիվ պատերազմական հանցագործությունների ճանապարհով։ Բացի այդ՝ Ադրբեջանը, սեփական փորձից ելնելով, լավագույնս գիտի, որ ժամանակը կարող է աշխատել իր դեմ, և տարիներ անց գուցե այնպիսի իրավիճակ կստեղծվի, որ նա այլևս չի կարողանա հասնել իր բոլոր պահանջների անվերապահ կատարմանը, և գուցե ինքն էլ որոշ հարցերում ստիպված կլինի զիջումներ կատարել։

Հենց այս համատեքստում է անհրաժեշտ դիտարկել Ադրբեջանի իշխանությունների խաղաղասիրական հայտարարությունները, որոնց զուգահեռ այդ երկիրը մշատպես լարում է Հայաստանի կամ Արցախի հետ ձևավորված փաստացի սահմաններին տիրող իրավիճակը, որպեսզի Հայաստանի նկատմամբ ճշնումներ գործադրի, իսկ միջազգային հանրությանը ուղերձ փոխանցի, որ եթե իր բոլոր պահանջները չկատարվեն, ապա չի խուսափի հերթական ագրեսիան իրականացնելուց։ Անշուշտ Ադրբեջանի իշխանությունների նման լկտի վարքագիծը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ երկիրը որևէ պատասխանատվություն չկրեց Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականին իրականացրած ագրեսիայի համար, ինչի մասին խոստովանել է անձամբ Ալիևը։

Միևնույն ժամանակ 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ֆոնին Արևմուտքի համար զգալիորեն աճեց Ադրբեջանի նշանակությունը։ Ուկրաինայում տիրող ճգնաժամի ֆոնին եվրոպական երկրները մեծացրել են իրենց նավթագազային կախվածությունը Ադրբեջանից, և վերջիններս պարզապես չեն նկատում կամ չեն ցանկանում նկատել այն հանգամանքը, որ Ադրբեջանի նավթագազային ռեսուրսները չեն բավականացնում ողջ Եվրոպային կարիքները հոգալու համար, և շատ դեպքերում Ադրբեջանի տարածքով նույն ռուսական նավթն ու գազն է հասնում Եվրոպա։

Ադրբեջանի նախագահը ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից և հասնել իր առավելագույն պահանջների կատարմանը։ Ալիևը շատ լավ հասկանում է, որ ռուս-ուկրաինական պատերազմը հավերժ չի տևելու, իսկ իր երկրի նավթագազային պաշարները անսպառ չեն, ուստի վերջինս ներկայիս իրավիճակը փորձում է ամեն գնով ծառայեցնել սեփական շահերին։

Մի շարք փորձագետների համոզմամբ՝ մի քանի տարի անց Եվրոպան իր նավթագազային կարիքների համար այլ աղբյուրներ կգտնի և այլևս ադրբեջանական նավթի ու գազի կարիքը չի ունենա։ Բացի այդ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից, կամ որևէ տարբերակով սառեցումից հետո Ռուսաստանն այլևս կարիք չի ունենա Ադրբեջանի տարածքով Եվրոպային նավթ և գազ վաճառել, իսկ Ադրբեջանի ունեցած պաշարները չեն բավականացնի նման մեծ ծավալով մատակարարումներ իրականացնելու համար։

Հենց այս հանգամանքների հետևանքով Ադրբեջանի նախագահը ներկայումս շտապում է, քանի որ չափազանց լավ գիտակցում է, որ նման բարենպաստ իրավիճակ կարող է այլևս չստեղծվել։ Ստեղծված իրավիճակում Ալիևը նաև մշտապես ուժային ճնշում է բանեցնում Հայաստանի նկատմամբ՝ շատ լավ իմանալով, որ դրա համար որևէ պատասխանտվության չի ենթարկվելու։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեր երկրի իշխանությունները համառորեն չեն ցանկանում այս պարզ ճշմարտությունը հասկանալ, և Ադրբեջանի հերթական սադրանքից հետո ավելի ու ավելի բարձրաձայն են հայտարարում տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու իրենց մտադրության մասին։

Այլ հարց է, որ Ադրբեջանն առհասրակ չի ցանկանում Հայաստանի հետ խաղաղության դարաշրջան բացել, իսկ եթե անգամ հաջողվի այդ երկրի հետ նմանտիպ փասթուղթ ստորագրել, ապա դա որևէ կերպ չի կաշկանդելու վերջինիս, որպեսզի որևէ պատրվակով հերթական ագրեսիան իրականացնի Հայաստանի նկատմամբ, քանի որ շատ լավ գիտակցում է, որ կրկին անպատիժ է մնալու։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր