Ներքին 3 տարի առաջ - 16:24 01-07-2023

Հերթական կացինն է լինելու ազատ խոսքի դեմ, հարվածի տակ են դրվելու ընդդիմադիր ԶԼՄ-ները. Սաթիկ Սեյրանյան

Արդարադատության նախարարությունը մշակել է Զանգվածային լրատվամիջոցների (ԶԼՄ) գործունեության «կարգավորմանն» ուղղված հայեցակարգ։

Օրեր առաջ 168.am-ը գրեց, որ հայեցակարգի աշխատանքային փաստաթուղթը հայտնվել է իր ձեռքի տակ, ինչից պարզ է դառնում, որ հերթական քողարկված գիլիոտինն են պատրաստվում իջեցնել զանգվածային լրատվամիջոցների պարանոցին:

«Հայեցակարգը «մշակել», ի դեպ, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին հանձնարարել է անձամբ Նիկոլ Փաշինյանը: «Բարեփոխումների» հայեցակարգով նախատեսվում է ձևավորել ԶԼՄ-ների ինքնակարգավորման մարմին, որը պետք է զբաղվի լրատվամիջոցների համար էթիկայի կանոնների մշակմամբ, հաստատմամբ և դրանց մեկնաբանմամբ, էթիկայի կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնի։ Սակայն այս մարմնի ամենակարևոր գործառույթը լինելու է էթիկայի կանոնների հիմնական խախտումների վերաբերյալ բողոքների քննությունը։ Այսինքն՝ այս անհասկանալի մարմինը զբաղվելու է և՛ էթիկայի կանոնների մշակմամբ ու հաստատմամբ, և՛ դրանց պահպանման նկատմամբ հսկողության իրականացմամբ, և՛ էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ բողոքների քննությամբ։ Ըստ էության, ինչպես Կարեն Անդրեասյանն է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) միջոցով փորձում ազատվել իր համար անցանկալի դատավորներից, այնպես էլ Գրիգոր Մինասյանն է փորձելու այս մարմնի միջոցով ազատվել իր համար անցանկալի լրատվամիջոցներից՝ դաշտում թողնելով միայն զտված իշխանահաճո լրատվամիջոցներին»,-գրել էր լրատվամիջոցը։

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Արդարդատության նախարարության կողմից մշակվող հայեցակարգին, ասաց, որ այն հերթական սպառնալիքը կարող է դառնալ հատկապես ընդդիմադիր դաշտի լրատվամիջոցների համար:

«Վերջին տարիներին մենք դառը փորձ ունենք օրենսդրական փոփոխությունների, որոնք ծանր կացության առաջ են դրել մեդիային, և սա հերթականն է: Իշխանության ցանկությունն է՝ լռեցնել ընդդիմադիր մամուլը, և դա նրանք անում են զանազան օրենդրական փոփոխությունների, տարատեսակ կասկածելի ֆակտչեքինգների միջոցով ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերն արգելափակելու ու նրանց ծանր ֆինանսական դրության մեջ դնելու միջոցով: Այս հայեցակարգը ևս այն տեսքով, ինչ տեսքով այն մեզ հասանելի է դարձել, բավականին խնդրահարույց է, թեպետ լավ փաթեթավորված է՝ առերևույթ բարի նպատակներ ունեցող ձևակերպումներով: Հատկապես հաշվի առնելով շրջանառվող լուրերը, թե ովքեր կարող են հավակնել դիտորդ-մարմնի, դրա կազմում գտնվող հանձնաժողովների ղեկավարների պաշտոնին, տեսանելի են դառնում այն նպատակները, որն իրենց առաջ դրել են իշխանությունները: Բոլոր ԶԼՄ-ները, խմբագիրները, լրագրողները պետք է շատ ուշադիր լինեն այս հայեցակարգի նկատմամբ, որի գործողության մեջ դրվելու դեպքում, կրկնում եմ, առաջինը հարվածի տակ են դրվելու ընդդիմադիր ԶԼՄ-ները, սահմանափակվելու է նրանց գործունեությունը: Առաջիկայում Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես կգա հայտարարությամբ, ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկում ենք իշխանությունների այդ հայեցակարգը, որը հերթական կացինն է լինելու ազատ խոսքի դեմ, որպեսզի քայլեր ձեռնարկենք՝ թույլ չտալու այն»,- ասաց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը