Ուղիղ եթեր
Խոսք Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 19:15 02-06-2023

Խաղաղության պայմանագիրը գործնական կյանք բերելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Քիշնևում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեռ Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 21-ին Բրյուսելում։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Հայկ Սուքիասյանը նշեց, որ հանդիպման վերաբերյալ ներկայացված տեղեկատվությունը շատ ժլատ էր։ Նա ենթադրում է, որ այս, ինչպես նաև սրան հաջորդող բանակցությունները լինելու են խաղաղության համաձայնագրի դետալների վերաբերյալ։

Քաղաքագետի համոզմամբ՝ ռուսական ձևաչափով իրականացված բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, կամ տվել են բացասական իմաստով։ Նա շեշտում է, որ երկու տարի շարունակ ռուսական ձևաչափով բանակցություններ են ընթանում, հակամարտությունը թեժանում է, Հայաստանից տարածքներ են օկուպացվել, Բերձորի միջանցքն է փակվել։ «Ակնհայտ է, որ այս ձևաչափով կյանք չկա, չի եղել և չի էլ լինելու, դրա համար էլ Հայաստանն այլ բևեռներում հակամարտությունը լուծելու ուղիներ է որոնում։ Նախորդ հանդիպման ժամանակ Միշելը հայտարարեց, ինչպես նաև երկու երկրների ղեկավարները հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Սա ձեռքբերում է այնքանով, որ Ալիևը Ռուսաստանի հետ միասին հայտարարում էր, որ Հայաստանը սահմաններ չունեցող պետություն է, հիմա ստիպված քաղաքակիրթ աշխարհի առաջ ընդունեց, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։

Սուքիասյանը կարծում է, որ հետագա հանդիպումների ընթացքում արդեն կլինեն կոնկրետ հարցերի շուրջ քննարկումներ՝ քարտեզների, անկլավների և այլ հարցերի վերաբերյալ։ Նա ուշադրություն է հրավիրում այն բանին, որ այս պահին անհրաժեշտ չէ կենտրոնանալ կոնկրետ արդյունքների վրա՝ նշելով, որ գլխավոր արդյունքը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է։

«Երեկվա հանդիպումից շատ արդյունքներ չկան, սակայն կարևոր է, որ այս ձևաչափերում կա նաև Արցախի հարց, նախորդ հանդիպմանը Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է նստի Արցախի հետ բանակցելու։ Սա լավ նշան է, և մենք սրանից պետք է կառչենք և փորձենք ամեն ինչ անել, որ հաջորդ բանակցություններում Միշելի հովանավորությամբ այս հարցն անընդհատ արծարծվի։ Երեկվա հանդիպումը դիտարկենք որպես գործընթաց, ենթադրում եմ, որ դետալների վերաբերյալ են բանակցել, դրա համար էլ չի հայտարարվել»,- նշում է նա։

Հարցին, թե նման հաճախակի կերպով անցկացվող բանակցությունները վկայո՞ւմ են այն մասին, որ կողմերը մոտ են փաստաթղթի ստորագրմանը, քաղաքագետը նշեց, որ մոտ են, սակայն դժվարացավ հստակեցնել, թե դա երբ իրական կյանք կմտնի։ Նրա խոսքով՝ դա մի փոքր երկար գործընթաց է, որովհետև նախևառաջ պետք է սահմանները գծվեն, դելիմիտացվեն, դեմարկացվեն, անկլավների և բազմաթիվ այլ հարցեր քննարկեն։ Նա շեշտում է, որ խաղաղության պայմանագիրը գործնական կյանք բերելու համար երկար ժամանակ է անհրաժեշտ, սակայն տեսանելի է, որ գործընթացները տանում են դրան։

Հայկ Սուքիասյանի դիտարկմամբ՝ այն հարթակները, որտեղ ներգրավված են արևմտյան երկրները , այնտեղ կա նվազագույն արդարության հնարավորություն, և Հայաստանը պետք է դրանից օգտվի։ Նա նշում է, որ գործընթացն արագացնելու միտումները պայմանավորված են Ռուսաստանի թուլացած վիճակով։ Քաղաքագետը նկատում է, որ նախքան ռուս-ուկրաինական պատերազմը և դրանից որոշ ժամանակ անց անկհայտ չէր, որ Ռուսաստանը պարտվելու ճանապարհին է, և այս հարթակներից հատուկ քայլեր չէին ձեռնարկվում, սակայն երբ ռուսական կողմն ակնհայտորեն թուլացավ և՛ որպես միջնորդ, և՛ որպես գերտերության հեղինակություն ունեցող պետություն, և՛ որպես տարածաշրջանային գործոն, Հայաստանն էլ դրան զուգահեռ աշխատեց, արտաքին աշխարհը դա գնահատեց, և դրա համար գործընթացն արագացվում է։ «Գլխավոր հարցը Ռուսաստանի թուլացումն է՝ որքան թուլացավ, այդքան գործընթացն արագացնելու են։ Դա լավ է, և Հայաստանն էլ պետք է շարունակի այդ ուղղությամբ աշխատել»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ