Ներքին 3 տարի առաջ - 12:49 19-05-2023

Գեղարքունիքում իրավիճակը հարաբերական հանգիստ է, մարդկանց մոտ խուճապ չկա

Թշնամին երեկ հերթական անգամ խախտեց հրադադարի ռեժիմը՝ կրակելով Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Բարեբախտաբար հայկական կողմն այս անգամ զոհեր և վիրավորներ չունեցավ։

Oragir.News-ը Վարդենիս խոշորացված համայնքի «Միասնական Վարդենիս» խմբակցության ավագանու անդամ Արաքս Հայրապետյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանին, արդյո՞ք գիշերային ժամերին կրակոցները շարունակվել են․

«Երեկվա կրակոցները Նորաբակի ուղղությամբ էին, ժամը մոտավորապես 17։30-ից մինչև 18։00-ն ականանետից կրակեցին։ Գիշերը հանգիստ է եղել, այս պահին էլ իրավիճակը շարունակում է հարաբերական կայուն մնալ։

Մարդիկ արդեն սովորել են այս կրակոցներին, այնպես որ խուճապ չկա, տարհանում չկա, բոլորը զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով»։

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 18-ին՝ ժամը 17:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ կիրառելով ականանետ։