Ներքին 3 տարի առաջ - 14:25 18-05-2023

«Ապրելու երկիր» կուսակցության հայցն ընդդեմ կառավարության վարչական դատարան է ներկայացվել

«Ապրելու երկիր» կուսակցության հայցն ընդդեմ կառավարության վարչական դատարան է ներկայացվել։
Երեկ՝ մայիսի 17-ին, «Ապրելու երկիր» կուսակցությունն ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:

Հայցադիմումը դատարանին են փոխանցել «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը և կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Լևոն Օհանյանը։

Մեսրոպ Առաքելյանի պնդմամբ՝ հրաժարականից հետո օրենքով սահմանված կարգով պետք է Երևանի ավագանին իր կազմից քաղաքապետ ընտրեր, չի արվել, իսկ դա արդեն խոսում է այն մասին, որ իշխանությունները ցանկանում են ժամանակ շահել մինչև հերթական ընտրությունները՝ օգտագործելով քաղաքապետարանի գործունեությունը որպես քարոզարշավ։

«Ընտրված քաղաքապետի առկայությունը, փաստորեն, էապես կխոչընդոտեր իշխանության ներկայիս թեկնածուի նախընտրական քարոզչության վերածված գործունեությունը»,- հայտարարել է նա։

«Ապրելու երկիր» կուսակցության դիրքորոշումը ստեղծված իրավիճակի վերաբերյալ հետևյալն է՝ Երեւանը պետք է ունենա օրինական ճանապարհով ընտրված օրինական իշխանություն, իսկ այս հարցում, ակնհայտ է, կառավարությունը միտումնավոր անգործություն է ցուցաբերել։

«Ապրելու երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ, փաստաբան Լևոն Օհանյանն էլ նշեց, որ երկշաբաթյա ժամկետում ավագանու նիստ չգումարելու եւ քաղաքապետ չընտրելու հետևանքով առաջանում է պարտադիր դրույթ, որպեսզի կառավարությունը կրճատի ավագանու գործունեության ժամկետը եւ հրավիրի ավագանու նոր ընտրություններ։

«Այսինքն՝ կառավարությունն անգործության է մատնվել, որը մեր ներկայացված հայցադիմումում մենք ներկայացրել ենք հստակ հիմնավորումներով եւ ակնկալում ենք դատարանի անաչառ ու օբյեկտիվ քննությունը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ այսօր «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Ապրելու երկիր» կուսակցության հայցին, գրելով, որ Կառավարության անգործությունը կարժանանա իրավական գնահատականի։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները