Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:51 06-05-2023

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում մայիսի 5-ին տեղի է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելություն։ Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը ներկա են եղել ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը, պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ և ռազմական կցորդներ, պատերազմի վետերաններ, Հայրենական մեծ պատերազմի ականավոր հայ զորահրամանատարների հետնորդները։

Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Դեսպանն իր խոսքում ընդգծել է երիտասարդ սերնդի շրջանում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ բազմազգ խորհրդային ժողովրդի անօրինակ սխրանքի հիշատակի պահպանման կարևորությունը։ Նա դիմել է Հայրենական մեծ պատերազմի՝ ներկա գտնվող վետերաններին՝ նշելով, որ հենց նրանց սխրանքն էր, որ փոխեց համաշխարհային պատմության ընթացքն ու կանխորոշեց արժանապատիվ կյանք բազմաթիվ սերունդների համար։ Նա նաև առանձին ընդգծել է հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ Հաղթանակի գործում։

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ՌԴ ԱԳ նախարարի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ՊՆ փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, «Անկախ պետությունների վետերանների (թոշակառուների) հասարակական կազմակերպությունների համագործակցություն» միջազգային միության համակարգող խորհրդի նախագահ, գեներալ-գնդապետ Վասիլի Վոլկովը և Հայրենական մեծ պատերազմի վետերան Իվան Լիտկինը։

Մ.Գալուզինը նշել է Հայրենական մեծ պատերազմում ընդհանուր հաղթանակի հիշատակի պահպանման կարևորությունը, ինչպես նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Ա. Ֆոմինն իր խոսքում ընդգծել է մարտական եղբայրության ավանդույթների պահպանման արդիականությունը։

Միջոցառման շրջանակներում Վաղարշակ Հարությունյանը պատերազմի վետերաններին պարգևատրել է Մարշալ Բաղրամյանի և Նելսոն Ստեփանյանի մեդալներով։

Իր հերթին Վ.Վոլկովը Հայրենական մեծ պատերազմի վետերան Իրինա Մխիթարյանին շնորհել է «ԽՍՀՄ 100 տարի» հուշամեդալը, իսկ ՀՀ դեսպանը պարգևատրվել է «Անկախ պետությունների վետերանների համագործակցություն» մեդալով։

Ընդունելությունն ուղեկցվել է դեսպանատան մշակույթի կենտրոնի կողմից պատրաստած ծրագրով՝ նվիրված Մեծ հաղթանակին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին