Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:59 04-05-2023

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփին:

Պաշտոնական հանդիպումից առաջ երկու երկրների խորհրդարանների ղեկավարները մոտ 20 րոպե տեւողությամբ առանձնազրույց են ունեցել:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական ներգրավվածություն է ցուցաբերում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ալեն Սիմոնյանն ասել է, որ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ:

Թուրքիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը ՍԾՏՀ ԽՎ-ում նախագահության շրջանակում փորձում է չեզոք լինել անդամ բոլոր երկրների հետ՝ հավելելով, որ այս պահին եւս անդամ երկրների շրջանում առկա են կոնֆլիկտներ:

ՀՀ ԱԺ նախագահը, ցավով անդրադառնալով օրեր առաջ Թուրքիայի կողմից հայկական ավիաընկերությունների համար օդային տարածքը փակելուն, հույս է հայտնել, որ այս հանդիպումն իր հերթին կնպաստի խնդրի լուծմանը: Ի պատասխան՝ Մուստաֆա Շենթոփը նշել է, որ իրենց համար զգայուն եւ ցավալի հարց է Երեւանում «Նեմեսիս» հուշաղբյուր-կոթողի բացումը, որով էլ պայմանավորված է վերոնշյալ արգելքը: ՀՀ ԱԺ նախագահը հակադարձել է, որ բազում պատճառներ կարելի է մատնանշել, որոնց հետեւանքով բազմաթիվ գործընթացներ կանգ են առել, սակայն իր այցը նաեւ այս առումով առաջ շարժվելու ազդակ է պարունակում:

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարեւորում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը Հայաստան եւ Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար: Նա ափսոսանք է հայտնել, որ իրեն չի հաջողվել դիվանագիտական անձնագրով հատել ցամաքային սահմանն այս միջոցառմանը մասնակցելու համար:

«Չնայած մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Թուրքիայի դիրքորոշումների տարբերությանը՝ հուսով ենք, որ այս հանդիպումը հիմք կծառայի հայ-թուրքական խորհրդարանական երկխոսություն հաստատելու եւ դրա շարունակականությունն ապահովելու ուղղությամբ անհրաժեշտ հիմքեր ձեւավորելու համար»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Մուստաֆա Շենթոփի խոսքով Թուրքիան ձգտում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Նրա համոզմամբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հնարավոր շուտափույթ հանգուցալուծումն օգուտ է ոչ միայն հակամարտող կողմերին, այլ ամբողջ տարածաշրջանին:

Ալեն Սիմոնյանը վերահաստատել է, որ հայկական կողմը խաղաղության օրակարգով է առաջնորդվում եւ չի շեղվելու այդ օրակարգից: Նա փաստել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների նկատմամբ՝ վերահաստատելով, որ մեր երկրի նպատակն է տարածաշրջանում շարունակական խաղաղության ու կայունության հաստատումը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Թուրքիա-Ադրբեջան դաշնակցային հարաբերություններին, ինչի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Բաքվի մոտեցումները կառուցողական չեն, վերջինս հանդես է գալիս առավելապաշտական դիրքերից: Քննարկվել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձին եւ հետպատերազմական իրավիճակին առնչվող հարցեր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր