Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:46 25-04-2023

Պետք է ոչնչացնենք ներքին թշնամուն և հզորացնենք բանակը․Վարուժան Խաստուր

«Այս պատերազմը, որի մեջ հայտնվեց մեր երկիրը՝ ոչ միայն կարողացավ ջլատել մեզ, մեր միասնականությունը, այլ մեր մեջ ներարկեց զոհի բարդույթը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ, թարգմանիչ Վարուժան Խաստուրը։

Բանաստեղծն արձանգրում է, որ այս ծանր օրերում չպետք է մեր հույսը դնենք այլոց վրա, այլ պետք է ապավինենք սեփական ուժին։

«Մեր այսօրվա իշխանավոր այրերը մոռանում են այն կարևոր հանգամանքը, որ մեր ժողովուրդը կարողանում է դուրս գալ այս կամ այն դժվարին իրավիճակից միայն սեփական ուժի ապավինելով՝ վկա Սարդարապատը, վկա մեր արցախյան նախորդ հաղթանակները, դա եղել է մեր սեփական ուժին և նաիրյան ոգուն ապավինելու արդյունք։ Այս վերջին տարիների ձեռքբերումները ցիրուցան եղան, ջլատեցին նվիրումը և մասնատեցին հայ ազգի միասնականությունը։

Արդյունքը մենք տեսնում ենք։ Այս շրջանում նաև, դժբախտաբար, հարթակ բարձրացան տարբեր ուժեր, բայց ժողովուրդը չունեցավ իր իրական առաջնորդը, ում պիտի հավատար և ում կոչով առաջ գնար»,-ասում է բանաստեղծը։



Վարուժան Խաստուրի խոսքով՝ զոհի բարդույթը հայ ժողովրդի մոտ նոր չէ․ «Այն ժամանակ, երբ մեր նախարարները գնացին Տիզբոն, ապավինելով պարսից հզոր տերությանը, համոզված լինելով, որ կարող են փրկվել՝ կորցնելով ազգային դիմագիծն ու պետությունը։ Այդ օրվանից մեզ մոտ մտավ զոհի բարդույթը։

1915 թվականը իրականում սկսվեց 428 թվականին։ Եղան պատերազմներ, եղան հաղթանակներ, բայց 428 թվականից սկսած չկարողացանք միացյալ ճակատով առաջ գնալ։ Ասենք, Պապ թագավորից հետո Մեծ Հայքը չվերականգնվեց, ավելին հասավ այնպիսի վիճակի, որ մեր նախարարները սկսեցին դավաճանել։

Մեր Վահրամ Պահլավունին, երբ Գագիկ արքան գտնվում էր աքսորի մեջ չորս անգամ դիմադրեց բյուզանդական արշավանքներին և հաղթանակով։ Գագիկը չէր համաձայնում ստորագրել Անին հանձնելու պայմանագիրը, բայց նախարարները դավաճանական իրենց տեսակից ելնելով հանձնեցին Անիի բանալիները։ Դա խորհրդանշական էր և պետք է գիտակցել, թե ինչո՞ւ ընկավ Անին»,- նկատում է բանաստեղծը։

Վարուժան Խաստուրի կամքը ամուր է և հավատում է իր տեսակին մոտ մարդկանց հաղթանակին։ Ասում է՝ մեր հոգեբանությունից պետք է բնաջնջենք զոհի բարդույթը։

«Ցեղասպանության գնում են ազգերը, ովքեր տեսնում են՝ չկա պետություն, չկա միասնականություն, չկա բանակ, ապա հնարավոր է ցեղասպանել այդ ժողովրդին։ Ցեղասպանությունը կարող է կանխել պետությունն ու ազգային բանակը։ Ցավոք մեր պետությունը և բանակը վերջին շրջանում քայքայվեցին, որի հետևանքը եղավ այն, ինչը եղավ։

Հիասթափությունը մարդկանց մեջ չի անցել, սեփական ուժին չեն ապավինում, այլոց հանձնվելու բարդույթն է շրջանառվում մեզանում»,- կիսվում է խոհերով։



Վարուժան Խաստուրը կոչ անելիս դիմում է Չարենցին, որովհետև դա իր ներսում, իր մասը դարձած հորդոր է․ «Եղիշե Չարենցն արդեն հորդորել է՝ ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է»,- ասում է Խաստուրն ու հավելում․ «Միասնական լինելու ժամանակ մենք վճռական հաղթանակներ ենք տարել։ Սարդարապատի ժամանակ վիճակը շատ ավելի ծանր էր, երբ Հայաստանից մի բուռ էր մնացել, բայց հայ ժողովուրդը կարողացավ դուրս գալ վիճակից և միասնական ջանքերով առաջ գնաց։

Նախ պետք է համախմբվել գաղափարի շուրջ, մաքրվել, դժբախտաբար, ներքին թշնամուց։ Ներքին թշնամին մեր մեջ, ցավոք, որակ է կազմում։ Նախ պետք է ունենանք ազգային պետություն։ Մեր մոտ ազգային գաղափարախոսության փոխարեն կեղծ, կոսմոպոլիտական գաղափարախոսությունն է, որը ջլատում է պետությունը և թշնամուն հնարավորություն է տալիս առաջ գալ։ Ինչ-որ կատարվում է մեզ հետ, ինչ որ կատարվում է Արցախում 1915 թվականի շարունակությունն է։ Պետք է ոչնչացնենք ներքին թշնամուն և հզորացնենք բանակը»,- ընդգծում է Վարուժան Խաստուրը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ