Ներքին 3 տարի առաջ - 16:55 24-04-2023

Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում:

Մայր Աթոռից հայտնում են, որ այդ կապակցությամբ հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։

Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարելով 20-րդ դարասկզբի պատմական իրադարձություններին ու Հայոց Ցեղասպանությանը, ի մասնավորի նշեց. «Հարյուր ութը տարի շարունակ մեր ազգային հիշողության մեջ ցեղասպանության փաստը մնում է իբրև անհերքելի, անջնջելի ամոթ, որ խարանված է այն ժամանակվա, և ինչու չէ, այսօրվա մարդկության ճակատին՝ իբրև առաջին ցեղասպանություն: Այդ հարյուր ութը տարիներից ութը շատ կարևոր են, որովհետև մենք ութը տարի շարունակ այլևս ոչ թե ցեղասպանության զոհերին ենք ոգեկոչում, այլ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից սրբադասված մարտիրոսներին՝ նահատակներին:

․․․․Աշխարհի գրեթե բոլոր կոտորածներն ու ցեղասպանությունները անտարբերության ծնունդ են: Սրա պատճառով ոչ միայն մարդկային կյանքի ցեղասպանություն կարող է տեղի ունենալ, այլև՝ մտքի, հոգու, լեզվի, հոգևոր արժեքների ցեղասպանություն: Մարդկային և համազգային անտարբերությունը քանդում է հնարավոր բոլոր սահմանները:

Նահատակների խորհուրդը մեզ հավատարմության պատգամ է: Հավատարմություն այն բոլոր արժեքների հանդեպ, որոնք երբևիցե մեր ազգի կյանքում ստեղծվել և շարունակում են ստեղծվել։ Եթե այս հավատարմությունը չկա, եթե մենք անտարբերությամբ փորձում ենք մեր կյանքն ապրել իբրև բոլոր կենդանիներին տրված ժամանակամիջոց, ուրեմն մենք այդ հավատարմության խորհրդի մեջ չենք։ Հավատարմություն մինչև վերջ, որովհետև հավատարմության մեջ է ներփակված այն, ինչը մենք անվանում են նահատակություն: Մենք մեր կյանքի մեջ, մեր ճիգերով, մեր ջանքերով, մեր արժեքների պահպանության համար մղվող պայքարով, մեր հավատքի՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեր հավատքի համար պայքարով նահատակներ ենք: Մենք պայքարում ենք, որպեսզի մնանք հավատարմության խորհուրդի մեջ»։

Վերջում Հայր Շահեն պատգամեց հավատացյալ հայորդիներին հեռու մնալ անտարբերությունից, որ ամեն մեղքի ծնողն է ու վախճանը հավատացյալ մարդու հոգևոր կյանքի և լինել հավատարիմ ամեն բանի մեջ:

Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը