Ավելին 3 տարի առաջ - 18:22 18-04-2023

Ինչու և ինչպես Արմենակ Խանփերյանցը դարձավ Սերգեյ Խուդյակով

Այսօր հայ ժողովրդի սիրելի զավակներից մեկի՝ Արմենակ Խանփերյանցի հիշատակի օրն է։

Հայտնի չէ, սակայն, թե ինչպես և ինչու Խորհային Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ Արմենակ Խանփերյանցը դարձավ Սերգեյ Խուդյակով։ Այս առեղծվածի շուրջ մի քանի վարկածներ են շրջանառվում։

Մի վարկածի համաձայն՝ Սերգեյ Խուդյակովը եղել է նրա մտերիմ ընկերը՝ Արմենակի հեծելազորային հետախուզական խմբի հրամանատարը։ Երբ նավը, որով նրանք հեռացել են Բաքվից, վթարի է ենթարկվել, Սերգեյը փրկել է լողալ չիմացող հային։ Ծնվել է ջերմ ընկերություն։ Իսկ մարտերից մեկում մահացու վիրավորված Խուդյակովն ընկերոջ ականջին վերջին խոսքերն է շշնջացել. «Դու ես հիմա հրամանատարը, դու ես Խուդյակովը»։ Այսպիսով երիտասարդ Խանփերյանցը անվանափոխվել է։



Սակայն հարկ է նկատել, որ Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակով անունով որևէ մեկը չի հայտնվել ո՛չ Բաքվի երիտասարդ բոլշևիկների շարքում, ոչ էլ 289-րդ հետևակային գնդի ծառայության մատյաններում։ Իսկ Սարատովի մարզի Վոլսկ քաղաքում Խուդյակովների ընտանիքի հետքեր չեն հայտնաբերվել, որոնց որդին՝ Սերգեյը, իբրև թե այնտեղ է ծնվել։

Երկրորդ վարկածի համաձայն՝ Բաքվի կոմունայի անկումից հետո Պետրովի «Երկաթե ջոկատի» մի մասը, որի կազմում էր Արմենակը, շոգենավով սկսել է նահանջել։ Սակայն նավը գրավվել է և վերադարձվել Բաքու։ Նավամատույցում թուրքերը գերիներին առանձնացնում էին ըստ ազգության և հայերին գնդակահարում: Կարմիր բանակի գերեվարված զինծառայողը ռուս է ներկայացել և Սերգեյ Ալեքսանդրովիչ Խուդյակով անունով՝ ցույց տալով գիմնազիայի ավարտական վկայական այդ անունով, որն իբրև թե իր ծանոթներից մեկի վկայականն է եղել։ Նրանց բանտարկել են քաղաքի ծայրամասում գտնվող մի ախոռում, որտեղից հաջողվել է փախչել։ Այսպիսով նա դարձել է Սերգեյ Խուդյակով:

Հետաքրքրական է, սակայն, որ այդ ավարտական վկայականում նշված ծննդյան տարեթիվը և Խանփերյանցի ծննդյան տարեթիվը համընկնում են, ինչը նոր կասկածներ է առաջ բերում։



Վերը բերված երկու վարկածներն էլ հետաքրքիր ու առեղծվածային լեգենդներ են թվում, որոնց իսկությունը կասկածելի է։

Մեկ այլ վարկածի համաձայն՝ Արմենակը Բաքվի կոմունայի ժամանակ հեռախոսավար աշխատելիս նկատել է, որ ոմն Բերիան պարբերաբար կապվում է Բաքվում Անգլիայի հյուպատոս Ռ. Մակդոնելի հետ և կասկածելի զրույցներ վարում նրա հետ։ Իսկ տեղական թերթերից մեկում տեղադրվել է մի խումբ մարդկանց լուսանկար, որտեղ դրա տակ տրված անունների մեջ հայտնվել է «Բերիա» անունը, որը նրան հայտնի է դարձել հեռախոսային խոսակցությունների միջոցով։ Արմենակը թերթը հանձնել է Չեկային՝ կից գրելով իր տվյալները։ Այդ ժամանակվանից նա ստիպված էր թաքնվել կեղծ անվան տակ։



Բայց այս վարկածն էլ չի դիմանում քննությանը։ Նախ՝ ո՛չ թերթը, ո՛չ էլ Խանֆերյանց անուն-ազգանունով գրությունը կարծես թե գոյություն չունեն։ Եվ ինչպես այդ ժամանակ 19-ամյա Բերիան կարող էր այնքան վախեցնել Խանֆերյանցին, որ ամբողջովին փոխի իր կենսագրությունն ու ողջ կյանքում թաքնվի հարազատներից։

Մենք երբեք չենք իմանա այս գաղտնիքը. նշանավոր մարշալն այն իր հետ գերեզման է տարել․․․

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը