Ներքին 3 տարի առաջ - 23:48 11-04-2023

Ժողովուրդն ինքը պետք է սկսի ինքնակազմակերպվել՝ հույսը չդնելով ոչ մեկի վրա․ Այվազյան

«Հայաստանի, ներառյալ Արցախի գլխին սև ամպերն օր օրի են կուտակվում, իսկ Հայաստանն ու հայ ժողովուրդը դեռևս չունեն ինքնապաշտպանական գործուն համակարգ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը։

«Ինչ-որ կետից ժողովուրդն ինքը պետք է սկսի ինքնակազմակերպվել՝ հույսը չդնելով ՀՀ իշխանությունների, «ընդդիմության» և ուժային կառույցների վրա։ Իմ համոզմամբ, այդ կետը Սյունիքն է, որի պաշտպանունակության ահագնացող ճգնաժամը ստիպում է ևս մեկ անգամ կրկնել տակավին 2020 թ. դեկտեմբերի 6-ին արված հետևյալ առաջարկությունս։ Լավ է ուշ, քան երբեք։

«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ
Մինչ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը հոգևարք է ապրում, փաշինյանական խունտան միտումնավոր բարձիթողի վիճակի մեջ է թողել Սյունիքի սահմանների պաշտպանության կենսականորեն կարևոր հարցը։ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ընդդիմությունը, զարմանալիորեն, ևս շրջանցում է Սյունիքի օրհասական դրությունը։

Խունտայի և ընդդիմության միջև ներկայումս ընթացող պայքարը կարող է դեռ անորոշ ժամանակով երկարաձգվել, մանավանդ եթե այդպես ցանկանան օտար ուժային կենտրոնները։ Անգամ սպասվող հանգուցալուծումից հետո էլ պարզ չէ, թե նոր իշխանությունն ինչպիսի քաղաքականություն կորդեգրի Սյունիքի կենսունակությունն ապահովելու հարցում, որովհետև ներկայիս ընդդիմությունն ու վարչապետի նրա թեկնածու Վազգեն Մանուկյանը որևէ կերպ չեն մերժել Փաշինյան-Ալիև-Պուտին չարաբաստիկ «եռակողմ հայտարարության» 9-րդ կետը, որով հիմք ու սկիզբ է դրվում Հայաստանից Սյունիքի բռնազավթման գործընթացին։ Այնինչ Սյունիքի պաշտպանության խնդիրը հրատապ է, իսկ այն հետաձգելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Սյունիքը պետք է ամրացնել օր առաջ, ժամ առաջ։

Սյունիքի բնակչությունն ու հայ ազգային ուժերը չպետք է սպասեն երևանյան քաղաքական զարգացումների ավարտին, այլ անմիջապես անցնեն գործի։ Ուստի, առաջարկում եմ մշակել և գործարկել Սյունիքի պաշտպանունակությունն ամրապնդելու մի համաժողովրդական ծրագիր՝ այդ նպատակի համար շտապ հրավիրելով Սյունիքի (ներառյալ Վայոց Ձորի) հայության 1-ին համագումարը, որն էլ՝

1) հանգամանորեն քննության կառնի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի ներկա ռազմաքաղաքական դրությունը.

2) կարտահայտի սյունյաց հայոց միասնական կարծիքը ՀՀ-ում և Սյունիքի շուրջը ստեղծված քաղաքական և աշխարհաքաղաքական իրավիճակի մասին.

3) կքննարկի և հանրապետական ու մարզային իշխանություններին կառաջարկի Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի պաշտպանունակությունն ամրապնդող, ինչպես նաև անբարենպաստ նոր պայմաններում նրանց տնտեսական կյանքն աշխուժացնող հրատապ գործողությունների ծրագրեր.

4) կընտրի հասարակական հիմունքներով աշխատող խորհրդակցական մշտական մարմին՝ Սյունիքի Ազգային խորհուրդ, որը կհամագործակցի ՀՀ պետական և Սյունիքի ու Վայոց Ձորի մարզային իշխանությունների հետ, իսկ վերջիններիս անգործության և հնարավոր կաթվածահարության դեպքում ժամանակավորապես կփոխարինի դրանց՝ իրականացնելով ճգնաժամային կառավարում, ըստ իրադրության.

5) Սյունիքի հայության 1-ին համագումարը և Սյունիքի Ազգային խորհուրդը կոչ կանեն աշնանային պատերազմի ժամանակ ՀՀ տարբեր մարզերում ձևավորված կամավորական կարգապահ ու փորձառու խմբերին շտապ գործուղվել Սյունիք՝ ռոտացիոն սկզբունքով ստանձնելու համար սահմանների բաց մնացած հատվածների պաշտպանությունը՝ մինչև այն պահը, երբ այդ գործը դարձյալ կկարողանա ամբողջությամբ իր վրա վերցնել Հայկական բանակը.

6) Սյունիքի հայության 1-ին համագումարը և Սյունիքի Ազգային խորհուրդը միահամուռ կերպով կմերժեն նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարարության» 9-րդ կետը՝ Մեղրիի շրջանում թուրք-ադրբեջանական ցեղասպան ոսոխի կողմից երկաթգծային ու ավտոմոբիլային ճանապարհների կառուցումն ու անվերահսկելի գործարկումը, ինչպես նաև դրանց երկայնքով ընկած ընդարձակ հողակտորների ՀՀ սուվերեն տնօրինությունից դուրսբերումը՝ դրանք ռուսական սահմանապահ ուժերին հավերժորեն հանձնելու միջոցով։ Այս օրինական մերժումը, լիովին համապատասխանելով ՀՀ սահմանադրությանն ու միջազգային իրավունքի դրույթներին, պետք է պատշաճորեն ձևակերպվի և ուղարկվի ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն և Սահմանադրական դատարան։

Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ «եռակողմ հայտարարության» 9-րդ կետի գործարկումը ազդարարելու և նշանակելու է հայկական Սյունիքի (հետևաբար՝ նաև ՀՀ-ի) վերջի սկիզբը։

Բնականաբար, Սյունիքի հայության 1-ին համագումարին պետք է հրավիրվեն սփյուռքում բնակվող ազդեցիկ սյունեցիները, ինչպես նաև հայաստանյան քաղաքական ու մտավորական ընտրանին։ Գլխավոր խնդիրներից մեկն այն է, որպեսզի այդ համագումարում հաջողվի ընդունել անկախ և հավասարակշռված որոշումներ՝ առավելագույնս խուսափելով օտար կենտրոնների թելադրանքից, մի բան, որ մինչ այսօր չի հաջողվել Երևանում գործող քաղաքական ուժերին և պետական մարմիններին։

Իրականում, ՀՀ ինքնիշխանության գրեթե լիակատար ընթացիկ կործանմամբ բանը նորեն հասել է հայոց ինքնապաշտպանական բնազդին, որին չվստահելու հիմքեր չունենք։ Ուրեմն, հիշելով Դավիթ-բեկին ու Նժդեհին, գործենք և չուշացնենք»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»