Ուղիղ եթեր
Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 16:14 07-04-2023

Արշիլ Գորկիի դստեր՝ Մարո Գորկիի կյանքն ու սպասվող ցուցահանդեսը Լոնդոնում

Սույն թվականի ապրիլի 19-ից մայիսի 12-ը Լոնդոնի Long & Ryle ժամանակակից արվեստի պատկերասրահում տեղի կունենա Արշիլ Գորկիի դստեր՝ Մարո Գորկիի նկարների ցուցահանդեսը՝ «A Life Painting» խորագրով։

Մարո Գորկին ամուսնու՝ Մեթյու Սփենդերի հետ, իրենց ագարակում

Նկարչուհի Մարո Գորկին ամուսնացած է քանդակագործ, նկարիչ գրող Մեթյու Սփենդերի հետ։ Մեթյուն հայտնի բանաստեղծ և քննադատ սըր Սթիվեն Սփենդերի որդին է։ Մարոն և Մեթյուն 1968-ից ի վեր ապրում և ստեղծագործում են հեռավոր տոսկանյան մի ագարակում:

Գորկիի և Սփենդերի ննջասենյակը

Զույգն անվիճելիորեն համարվում է բոհեմական արիստոկրատիայի հետևորդ ու թևև այն պնդումներին, որ այս հեռավոր ագարակում ապրելով, շատ հազվադեպ են շփվում մարդկանց հետ, իրենց տունը եղել է հայտնի գրողների, արվեստագետների, դերասանների և կինոգործիչների հավաքատեղի: Հայտնի ռեժիսոր Բեռնարդո Բերտոլուչի «Գեղեցկության գողություն» ֆիլմի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել զույգի տան կահավորանքն ու դիզայնը։

Գորկիի և Սփենդերի ավագ դստեր ննջասենյակը

Նրանց ավագ դուստրը՝ Սասկիան զբաղվում է խեցեգործությամբ, իսկ կրտսեր դուստրը՝ Կոզիման, կինոռեժիսոր և պրոդյուսեր է:
Մարոն 5 տարեկան էր, երբ Արշիլ Գորկին ինքնասպան եղավ։ Նրան և կրտսեր քրոջը՝ Նատաշային, վեց ամսով ուղարկեցին Շվեյցարիայի մանկատուն, այնուհետև տեղավորեցին Եվրոպայի և Ամերիկայի մի քանի ընտանիքներում ու դպրոցներում: Մարոն ավարտվեց Լոնդոնի ֆրանսիական լիցեյը, որին հաջորդեց Սլեյդի գեղարվեստական դպրոցը։
Մարոն միշտ ցանկացել է նկարել։ Նա հիշում է, որ դեռ վաղ տարիքից գունավոր թղթեր էր կտրում և մատիտներով խաղում: «Հայրս ասում էր, որ ես ի ծնե նկարիչ եմ: Նա նույնիսկ դեմ էր, որ դպրոց գնամ, ուզում էր միայն նկարեմ։ 3,5 տարեկանում արդեն ունեի մոլբերտ ու ներկեր: Հայրս ինձ թույլ էր տալիս նկարել նրա կտավների հետևի մասում, բայց ես բավականին համառ երեխա էի և սկսեցի նկարել հենց կտավի վրա, և այդպես մի օր էլ նա ինձ դուրս վռնդեց իր արվեստանոցից»,-հիշում է Մարոն:
Սիենայից 30 րոպե հյուսիս գտնվող ագարակատունը անմխիթար վիճակում էր, երբ Մարոն և նրա ամուսինը 55 տարի առաջ գնեցին դա: Այդ ժամանակաշրջանն ավելի պարզ, բայց միաժամանակ ավելի աղքատ շրջան էր, երբ եզները դեռ օգտագործվում էին հողը մշակելու համար, իսկ ձիթապտղի այգիներն ավելի տարածված էին, քան խաղողի այգիները: Մեքենաները քիչ էին, իսկ լքված տներ՝ ինչքան ասես։ Ագարակը գնելուց հետո նրանք տնկել են շուրջ 4000 ծառ։ Մարոն միշտ ամուր կապ էր զգում հողի հետ և շատ ժամանակ էր տրամադրում: Այն ժամանակ այդ տարածքում էլեկտրաէներգիայի հասանելիությունը գրեթե չկար, հագուստները լվանում էին մոտակա աղբյուրում, բայց միևնուն է նրանք համառորեն նոր կյանք ստեղծեցին քաղաքից հեռու՝ բնության մեջ:

Մարո Գորկիի մոր դիմանկարը։ Նկարել է հայրը՝ Արշիլ Գորկին

Այս նոր ապրելակերպն իր մեջ ներառում է հնարավորինս շատ ամեն ինչ ինքնուրույն պատրաստելն ու վերամշակելը: Օրինակ՝ խոհանոցի լվացարանը բերվել է Ֆլորենցիայի Կարեգի հիվանդանոցի դիահերձարանից, տակի փայտե դռները պատրաստել է Մեթյուն, ինչպես և տան կահույքի մեծ մասը: Ճաշը մատուցվում է Մարոյի ստեղծած գեղեցիկ ջնարակապատ հախճապակյա ափսեների մեջ։ Նրա բնորոշմամբ դրանք ունեն «եկեղեցական, արևելյան, հայկական» մոտիվներ: Խոհանոցի սալիկապատ հատվածը Մարոն նախագծել է 1986-ին, որտեղ յուրաքանչյուր սալիկ ունի և՛ իր առանձին մոտիվը, և՛ ընկալվում է որպես ամբողջի մաս: Տան մնացած մասերը նույնպես լի են գույներով և նախշերով, նկարազարդարված է նաև կահույքը։
Մարոյի նկարներում գույների մի ամբողջ շքերթ է, ինչպիսիք են կարմիրը, կանաչը, դեղինը, շագանակագույնը, վարդագույնը և կապույտը: Նա պնդում է, որ տարեց նկարիչները կարծես թե ավելի վառ գույների կարիք ունեն, քանի որ արդեն այնքան էլ լավ չեն տեսնում, բայց նկարչության հանդեպ նրա կիրքը նույնն է, ինչ 5 տարեկանում։ Ապրիլի 5-ին նկարչուհին նշեց իր 80-ամյակը։
Նրա վերջին նկարը դեռ անավարտ է, որը նա սկսել է նկարել հոր ծննդավայր՝ Հայաստան ճանապարհորդությունից ոգեշնչված և կարծում է՝ լավագույն վերնագիրը հենց դա կլինի՝ «Հորս ծննդավայրը»։
Մարո Գորկին, հավատարիմ մնալով իր արվեստին, կարողացել է նաև հիանալի ընտանիք ու տուն ստեղծել, որի կարիքն այդքան ունեցել է մանկության տարիներին։


Մարո Գորկին իր արվեստանոցում՝ ձախ կողմում՝ «Հորս ծննդավայրը» (2023), աջում՝ «Սասկիան ձիու վրա» (1983)

Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ