Ներքին 3 տարի առաջ - 11:36 06-04-2023

«Էկոակտիվիստները» ստեղծում են լրջագույն խնդիրներ ու այդ համատեքստում շինծու մարդասիրական քայլերով փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը. «Թաթոյան» հիմնադրամ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․
«Արցախի կյանքի ճանապարհը փակելու 114-րդ օրը՝ ապրիլի 4-ին , ադրբեջանական կառավարության գործակալները ահաբեկել են Գորիսից Ստեփանակերտ գնացող 27 քաղաքացիներին ու խոչընդոտել նրանց տեղաշարժը։

1. Ադրբեջանական «էկոակտիվիստները» ներխուժել են մեքենաներ, ահաբեկել ու սպառնացել են մարդկանց։

2. Ադրբեջանական կողմը նշում է, որ մեքենաներում եղել են տղամարդիկ` իբր փորձելով արդարացնել իրենց արարքը: Ապացույցները վկայում են, որ Ստեփանակերտ գնացողների մեջ եղել են բացառապես Արցախի քաղաքացիներ, մեծամասամբ տարեցներ, երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող անձիք։ Կատարվածի հետեւանքով վատացել է 4 կանանց ինքնազգացողությունը։

3. Արցախ մուտք գործելու հնարավորություն տալու համար ադրբեջանական «էկոակտիվիստները» ապօրինաբար առաջ են քաշել նախապայմաններ՝ «ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն» եւ ստուգել բոլոր անձանց։

5. Կատարվածը կրկին ապացուցում է, որ Արցախի կյանքի ճանապահը փակած «էկոակտիվիստները» կապ չունեն շրջակա միջավայրի կամ բնության պահպանության հետ։

6. Այդ «էկոակտիվիստները» գործում են ադրբեջանական իշխանությունների հրահրմամբ ու նրանց հովանու ներքո, հետապնդում են քաղաքական նպատակներ: Նրանց մի մասն էլ կա´մ գործող ու նախկին զինվորականներ են, կա´մ աշխատում են ադրբեջանական իշխանության մարմիններում:

7. Արցախի կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստները» հայերի հանդեպ լցված են ատելությամբ, զբաղված են ադրբեջանական իշխանությունների թշնամանքի քարոզով: Ավելին՝ արգելելով մարդկանց մուտքը Արցախ, ապացուցում են, որ ադրբեջանական իշխանությունները իրականացնում են էթնիկ զտման քաղաքականություն։

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ գնացող մեքենաները, ստեղծված իրավիճակում, ստիպված վերադարձել են Գորիս։

Մարդիկ զրկվել են իրենց ընտանիքներին միանալու հնարավորությունից։
Կատարվածը կրկին ապացուցում է, որ Ադրբեջանի կառավարության գործակալները՝ «էկոակտիվիստները», Արցախում ստեղծում են լրջագույն խնդիրներ ու այդ համատեքստում շինծու մարդասիրական քայլերով փորձում են մոլորեցնել միջազգային հանրությանը։

Կատարվածի մասին բոլոր մանրամասներն ու տեղեկությունները Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը քննարկել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հետ, որը հաստատել է տեղեկությունները։

Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող կյանքի ճանապարհը փակած «էկոակտիվիստների» իրական մտադրությունների, նրանց հայատյաց քաղաքականության ու ադրբեջանական իշխանությունների հետ ուղիղ կապի մասին բոլոր փաստերը Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էին 300-էջանոց զեկույցում, որը ուղարկվել է միջազգային կառույցներին։
Այս հայտարարությունը նույնպես կուղարկվի միջազգային կառույցներին»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում