Արտաքին 3 տարի առաջ - 14:20 28-03-2023

Թուրքիայի ընդդիմությունը վիճարկում է Էրդողանի թեկնածության առաջադրումը, մինչդեռ իշխանությունը պնդում է՝ առաջադրման համար որևէ խոչընդոտ չկա

Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց», «Լավ» և «Հայրենիք» կուսակցությունները դիմել են Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդին՝ պահանջելով առաջիկա նախագահական ընտրություններում չգրանցել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Ինչպես փոխանցում է թուրքական ընդդիմադիր Ջումհուրիյեթ պարբերականը, սա այս կուսակցությունների կողմից երրորդ նմանատիպ դիմումն է։

«Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության խոսնակ Իդրիս Շահսինը նշել է, որ բարձրագույն ընտրական խորհրդին ուղղված դիմումի մեջ իրենք պահանջել են հանել Ռեջեփ Թայիփ Էրդողանի անունը Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում հրապարակված նախագահի թեկնածուների ցանկից։ Նրա խոսքով՝ Էրդողանի՝ նախագահի պաշտոնում երրորդ անգամ առաջադրումը հակասում է Թուրքիայի սահմանադրությանը։

Շահսինը շեշտում է՝ եթե բարձրագույն խորհուրդն այլ որոշում կայացնի, ապա դա կլինի պատմության առջև սահմանադրության ակնհայտ խախտում։

Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը, անդրադառնալով Էրդողանի թեկնածության առաջադրման վիճարկման գործընթացին, նշել է, որ վերջինիս թեկնածության առաջադրման համար որևէ խոչընդոտ չկա։ Նրա խոսքով՝ Էրդողանի թեկնածության շուրջ բանավեճը ցույց է տալիս, որ նորից ի հայտ են եկել վատ սովորություններ, որոնք փորձում են քաղաքականությունը ուղղորդել անօրինական ճանապարհներով։

Չելիքը պնդել է նաև, որ ընդդիմադիր թեկնածուները վախենում են գործող նախագահի հետ մրցակցությունից։ «Խոսքն ու որոշումը ժողովրդինն է։ Մեր ազգը հերթական անգամ քվեատուփի մոտ ժողովրդավարության դաս կտա նրանց, ովքեր ցանկանում են քաղաքական սակարկությունների միջոցով թղթախաղ խաղալ մեր երկրի ապագայի վրա»,- եզրափակել է նա։

Թուրքիայում մի շարք ընդդիմադիր գործիչներ պնդում են, որ սահմանադրության համաձայն՝ Էրդողանը նախագահի պաշտոնի համար երրորդ ժամկետով առաջադրվելու իրավունք չունի։ Էրդողանի կողմնակիցները հայտարարում են, որ գործող նախագահի թեկնածության առաջադրումն օրինական է, քանի որ նա նախագահի պաշտոնում իր առաջին ժամկետը (2014-2018թթ) պաշտոնավարել է նախքան Թուրքիայում 2017 թվականին կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և կառավարման համակարգի փոփոխությունը, որով իր պաշտոնավարման նախկին ժամկետը զրոյացվել է և նա կարող է ևս մեկ անգամ պայքարել նախագահի պաշտոնի համար։

Էրդողանի գլխավորած «Ազգայնական շարժում» կուսակցությունը Թուրքիայում իշխում է 2002 թվականից, իսկ Էրդողանը 2003-2014 թվականներին զբաղեցրել է երկրի վարչապետի, իսկ 2014-ից մինչև այսօր զբաղեցնում է նախագահի պաշտոնը։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ այս ընտրապայքարը Էրդողանի համար լինելու է ամենաբարդը իր կառավարման երկու տասնամյակի ընթացքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան

Ձեզ գուցե հետաքրքրի