Ներքին 3 տարի առաջ - 13:22 18-03-2023

Դատախազը պետք է որոշում կայացնի՝ հիմնվելով փաստերի վրա, իսկ փաստերը համառ են. Աննա Վարդապետյանը հանդիպել է ապագա իրավաբանների հետ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղակալներ Գևորգ Բաղդասարյանն ու Սրբուհի Գալյանը, Դատախազության 105-ամյակի միջոցառումների շրջանակում, շարունակել են Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպումների շարքը, պատասխանել են նրանց հարցերին:

Մարտի 17-ին և 15-ին, Գլխավոր դատախազությունում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում, ուսանողները գլխավոր դատախազի և տեղակալների հետ զրուցել են պրոֆեսիոնալ, տարբեր ազդեցություններից զերծ դատախազ դառնալու համար անհրաժեշտ որակների, վարույթների ձգձգման օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների, դատարանում դատախազի կողմից մեղադրանքի որակյալ պաշտպանության ընթացքում անհրաժեշտ հատկանիշների, Քրեական դատավարության նոր օրենսգրքի մի շարք կարգավորումների, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ընթացակարգի և այլ հարցերի մասին:

Ուսանողուհի Լուիզա Լոքյանի հարցին, թե ինչպես կարող են դատավորները, դատախազները զերծ մնալ տարբեր տեսակի ազդեցություններից՝ Աննա Վարդապետյանը պատասխանել է՝ մեջբերելով հույն փիլիսոփա Արիստոտելի խոսքը. «Օրենքը հույզերից ազատ բանականությունն է»: «Սա լավագույն բանաձևն է: Օրենքի կիրառումը պետք է ազատ լինի հույզերից: Դատախազը պետք է որոշում կայացնի՝ հիմնվելով փաստերի վրա, իսկ փաստերը համառ են», – ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:

Աննա Վարդապետյանը խորհուրդ է տվել ուսանողներին ուշադրություն դարձնել կարդացած գրականության որակին: «Ինչպես չեք ընդունի անորակ սնունդ, այնպես էլ չպետք է կարդալ անորակ գրականություն ու տեքստեր: Մեզ տրված ժամանակն արժեքավոր է և այն պետք է ծախսենք դրական ու որակյալ «կալորիա» ունեցող գիտելիքի վրա», – ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը:
Գլխավոր դատախազի տեղակալներ Սրբուհի Գալյանը և Գևորգ Բաղդասարյանը ուսանողների հետ զրույցում անդրադարձել են իրենց համակարգման ոլորտներում իրականացվող աշխատանքներին, ձեռքբերումներին ու մարտահրավերներին, առկա խնդիրների լուծման ուղղություններին:

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կազմավորման պատմությունը, նպատակները և գործառույթները՝ ուղղված հանցավոր ճանապարհով ձեռք բերված հանրային բարիքը պետությանը վերադարձնելուն:

Գևորգ Բաղդասարյանն անդրադարձել է դատարանում դատախազի կողմից մեղադրանքի որակյալ պաշտպանության համար անհրաժեշտ հատկանիշներին և դրանցից առանձնացրել հոգեբանական կայունությունը, մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունն ու կուտակած գիտելիքը:

Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում ուսանողները շրջել են նաև Դատախազության թանգարանում, ծանոթացել կառույցի ստեղծման պատմությանն ու զարգացման ընթացքին:

Գլխավոր դատախազությունում ուսանողների հետ նման ձևաչափով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան