Արտաքին 3 տարի առաջ - 20:00 14-03-2023

Ալիևը պահանջում է Լաչինի միջանցքում անցակետ ստեղծել և մեղադրում Հայաստանին՝ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը խոչընդոտելու մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բեռլինում հանդիպում է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ, որի ընթացքում անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղի ունեցող այսպես կոչված «բողոքի ակցիային»։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Ալիևն ընդգծել է, թե, իբր, «ակցիան ուղղված է Լաչինի ճանապարհով Հայաստանի կողմից իրականացվող անօրինական փոխադրումների դեմ»։ Նա հերթական անգամ նշել է, որ Լաչինի ճանապարհի վերջնամասում՝ հայ ադրբեջանական սահմանին անհրաժեշտ է սահմանային անցակետ տեղադրել։

Վերջինս նաև խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի բացման մասին՝ նշելով, որ այն կարող է այլընտրանքային միջանցք ստեղծել ողջ տարածաշրջանի համար։ Ալիևը միևնույն ժամանակ կրկին մեղադրել է Հայաստանին՝ ««Զանգեզուրի միջանցք»-ի իրացմանը խոչընդոտելու և եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից հրաժարվելու համար»։

Ադրբեջանի ղեկավարը ուշադրություն է հրավիրել նաև այն բանին, որ Բաքուն է նախաձեռնել խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացը և այդ նպատակով հինգ սկզբունք է առաջ քաշել։ Ալիևի խոսքով՝ ներկայումս պայմանագրի ստորագրման հարցով կողմերի միջև շփումները շարունակվում են։ Վերջինս հերթական անգամ նշել է, որ Ադրբեջանը հավատարիմ է Շառլ Միշելի նախաձեռնած Բրյուսելի օրակարգին։ Նա շեշտել է՝ բրյուսելյան հարթակի հիման վրա ընդունված հայտարարությունները հիմք են հանդիսանում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար։

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ անջատողականության բոլոր ձևերն ու դրսևորումները անընդունելի են և անհրաժեշտ է անջատողականության նկատմամբ միասնական մոտեցում ցուցաբերել։ Ալիևն այս հարցում Հայաստանին մեղադրել է «ոչ կառուցողական դիրքորոշում ցուցաբերելու մեջ»։ Նշվում է, որ նա Գերմանիայի նախագահի ուշադրությունը հրավիրել է այն բանին, որ «Հայաստանը Լաչինի ճանապարհն օգտագործում է ռազմական և անօրինական փոխադրումների համար, ինչպես նաև պահպանում է իր ներկայությունն Ադրբեջանի այն տարածքներում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները»։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր հերթական անգամ աջակցություն է հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Նա հույս է հայտնել, որ Բրյուսելում շուտով կկայանա Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումը։












Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի