Ներքին 3 տարի առաջ - 09:32 08-03-2023

Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին և ուրեմն` կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«Սիրելի կանայք. սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Կանանց միջազգային օրվա առիթով։ Այս տոնը մեզանում միշտ կարևոր է եղել, բայց հիմա կարևորում ենք առանձնակի:
Այսօր մենք նախ գլուխ ենք խոնարհում մեր բազմաթիվ որդեկորույս մայրերի առաջ, ում որդիներն իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի: Նրանցից շատերը նոր կյանք ու հույս են տալիս բոլորիս, սուգը հաղթահարելով՝ մայրության բերկրանքը կրկին ապրելու և իրենց նահատակված զավակներին այսպիսով հարություն տալու միջոցով:

Մենք գլուխ ենք խոնարհում պատերազմում այրիացած մեր այն կանանց առաջ, ովքեր իրենց ուսերին են պահում գլխատված ընտանիքների հոգսի ծանրությունը և իրենց զավակներին կոչում են ապրելու, կրթվելու, հաղթահարելու բոլոր դժվարությունները ու հաղթելու ճակատագրի մարտերում:
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում այն կանանց առաջ, ովքեր ամուր թիկունք ու ապավեն են զինված ուժերում ծառայող իրենց ամուսիններին, ովքեր երկրի, պետության անվտանգության պատասխանատվությունն են կրում:

Այսօր մենք գլուխ ենք խոնարհում այն կանանց առաջ, ովքեր իրենք են ծառայում Զինված ուժերում՝ նաև ընդգծելով մեր երկրի կյանքում կանանց դերակատարման ընդլայնումը, որ տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ: Եվ սա ո՛չ գաղափարախոսական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ նույնիսկ աշխարհայացքի հարց է:
Արդեն բավական երկար ժամանակ կանայք մեր երկրի բնակչության մեծամասնությունն են և հասկանալիորեն պետք է իրենց վրա վերցնեն ավելի մեծ պատասխանատվություն:

Եվ տրամաբանական է, որ այսօր մեր երկրում ավելի ու ավելի հաճախ կանայք ստանձնում են դերակատարումներ, պատասխանատվություններ ու պաշտոններ, որոնք աննախադեպ են մեր երկրի պատմության համար և մեր հանրությունը պիտի քաջալերի այս գործընթացը:

Կանայք ավելի ու ավելի շատ են ներգրավվում տնտեսական գործունեության մեջ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտում, դատաիրավական և իրավապահ համակարգերում, ինչպես վերը նշեցի՝ զինված ուժերում: Եվ սա մեր երկրի զարգացման գրավականն է, որովհետև կանանց հսկայական պոտենցիալը լիարժեք չօգտագործել՝ նշանակում է լինել անհեռատես:

Հանրային, պետական կյանքի բոլոր ոլորտներում կանանց դերակատարման ընդլայմանը շատերը հոռետեսությամբ են վերաբերվում, ընդգծելով, որ կինը հայկական ավանդական ընտանիքի հենասյունն է: Սա, իհարկե, ճիշտ է և աներկբա: Բայց հայկական ավանդական ընտանիքի նույնպիսի հենասյուն է տղամարդը ու ոչ ոք չի անհանգստանում, երբ տղամարդը ծառայում է բանակում, ոստիկանությունում, զբաղվում է տնտեսական գործունեությամբ, կամ ակտիվ հանրային-քաղաքական կյանք է վարում: Մյուս կողմից, իհարկե, պետությունը հատուկ հոգածության առարկա պիտի դարձնի մայրությունը, ինչը և անում ենք հետևողականորեն:

2023 թվականի մարտի 8-ին հենց այս համատեքստը կարևոր համարեցի ընգծել, որովհետև Կանանց միջազգային օրն այն մասին չէ, որ կանայք փխրուն են ու խոցելի: Կանանց միջազգային օրն այն մասին է, որ կանայք կարող են ավելին:

Սիրելի կանայք, շնորհավորում եմ բոլորիդ և յուրաքանչյուրիդ Մարտի 8-ի օրվա առիթով: Շնորհակալություն ձեզ, որ անում եք ավելին և միշտ պատրաստ եք անել ավելին:

Եվ ուրեմն՝

Կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում