Ներքին 3 տարի առաջ - 18:23 07-03-2023

Վարչապետն ընդունել է Microchip Technology ընկերության փոխնախագահին․ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ամերիկյան Microchip Technology ընկերության փոխնախագահ Բրյուս Վեյերին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը ողջունել է միկրոէլեկտրոնիկա արտադրող Microchip Technology-ի մուտքը Հայաստան և հայկական Instigate Semiconductor ընկերության հետ համագործակցությունը, որի շրջանակում Microchip Technology-ն մասնաճյուղ կբացի Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՏՏ բնագավառի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և ռազմավարական այս ոլորտում շարունակաբար կայուն աճ է արձանագրվում:

«Մենք կարևորում ենք հեղինակավոր ՏՏ ընկերությունների ներգրավումը հայաստանյան շուկա և պատրաստակամ ենք աջակցել ներդրումային գործընթացին, ինչը կխթանի նորարարությունների աճը մեր տնտեսությունում», – ասել է վարչապետը և հիշատակել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի գործունեությունը՝ ընդգծելով, որ կառույցի կողմից ներդրողների հետ իրականացվում է թիրախային աշխատանք:

Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին բարձր գնահատականի համար՝ Բրյուս Վեյերը նշել է, որ Microchip Technology-ն հետաքրքրված է հայկական տեխնոլոգիական շուկայում ծրագրերի իրականացմամբ և նախատեսում է գործունեություն ծավալել ծրագրային ապահովման, միկրոչիպերի արտադրության, ոլորտային կրթության ուղղություններով, նպաստել ՀՀ տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը: Նշվել է, որ Instigate Semiconductor-ը գրասենյակներ ունի Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Իջևանում և ծրագրում է ընդլայնել գործունեությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության շուրջ:
Վարչապետն անդրադարձել է Կառավարության տնտեսական բարեփոխումների օրակարգին, ներկայացրել տեխնոլոգիական ոլորտի ծրագրերը և նշել, որ ոլորտի առաջնահերթության մասին է վկայում նաև Կառավարության կողմից համապատասխան ինստիտուտի՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ստեղծումը: Բրյուս Վեյերն իր հերթին նշել է, որ Microchip Technology ընկերությունը հետաքրքրված է երկարաժամկետ համագործակցությամբ և հեռանկարային է համարում նաև տիեզերական հետազոտությունների ոլորտում գործընկերությունը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում