Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 17:15 11-02-2023

Ոստիկանության պետին այդ դեղից սրսկեմ, 3 օր շոշի մեջտեղը քոչարի կպարի, ո՞նց են թողում, որ գա Հայաստան ու վաճառվի. «Համմեր»-ի վարորդի հայր

«Գիշերը 00:45-ին ոստիկանները եկան մեր տուն, ասացին Գեղամն ո՞ւր է, ես էլ վախեցա, մտածեցի իրեն մի վնաս տվել է, քանի որ մի քանի անգամ ասել էր, որ իրեն Կիևյան մոստից գցելու է: Ոստիկանները մտան տուն, սենյակները նայեցին, համոզվեցին, որ տանը չէ: Հետո հարցրեցին, թե մեքենան ո՞ւր է, ես էլ ասացի բակում է, չէի տեսել, որ բանալին վերցրել և գնացել է: Թե ո՞նց էր վերցրել բանալին, ի՞նչ էր ծրագրավորել, ինչի՞ է գնացել Երևան՝ չգիտեմ: Տանն էլ բոլորի հեռախոսները պահել էի, որ չկարողանա թմրանյութ հայթայթել»: Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց երեկ՝ Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայով ճանապարհային երթևեկության կանոնները կոպիտ կերպով խախտած Արարատի մարզի բնակիչ Գեղամ Սահրադյանի հայրը՝ Արթուր Սահրադյանը:

Նրա խոսքով՝ տղան կախում է ունեցել թմրանյութերից և գուցե այդ պահին էլ եղել է դրանց ազդեցության տակ. «Կարծում եմ իրեն կանգնեցրել են, ինքն էլ վախեցել է կանգնել: Այդ դեղերի ազդեցության տակ տարբեր վախեր են ունենում: Հնարավոր է, որ վախեցել է, փախել, մանավանդ երբ սկսել են կրակել: Ենթադրենք չէր կանգնել, պետք էր կրակեի՞ն: Ավտոյի համարներով թող գտնեին, հասկանային ո՞վ էր ղեկին, գուցե հիվանդ մարդ էր, կամ երեխա: Ես նրան չեմ արդարացնում, սխալ է եղել: Մինչև առավոտ ժամը 7-ը ինձ են պահել ոստիկանության բաժանմունքում: Ասում էին քո ավտոն է, քեզ ենք ձերբակալում: Դե ես էլ ասացի՝ ի՞նչ կապ ունի, օրինակ՝ ինչ-որ մեկը գողացել է այն, ես հո մեղավոր չեմ դրանում: Մի քանի ժամ անց Գեղամին «Ոսկու շուկայի» տարածքից գտան, հետո նոր ինձ բաց թողեցին»,-ասաց հայրը:

Արթուր Սահրադյանը մանրամասնեց՝ տղայի հոգեկանը վատթարացել է, պատերազմներից և ամուսնալուծությունից հետո. «Որդիս քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից է: Իրենց զորքը նահանջում է և իրենք 5 ընկերներով մի քանի օր ոտքով անտառներով քայլում են այնքան, մինչև հեռախոսները հասանելի դառնան: Զանգում է ինձ, գնում եմ Ջաբրայիլից իրենց «գերի» վիճակում հետ եմ բերում: Հոգեպես շատ ծանր վիճակում էր: 2 տարի առաջ էլ ամուսնացավ, մեկ շաբաթ անց ընտանեկան վեճ եղավ: Մեր հարսը զանգեց ծնողներին, նրանք էլ եկան ու իրենց աղջկան հետ տարան իրենց տուն: Դրանից հետո Գեղամը մի քանի անգամ գնացել էր, որ կնոջ հետ խոսի, հետ բերի, բայց չէր ստացվել: Ու այս ամեն ինչը շատ վատ ձևով ազդեց տղայիս հոգեկանի վրա»:

Հարցին՝ ինչքա՞ն ժամանակ է, որ տղան թմրանյութ է օգտագործում և արդյո՞ք բուժում ստացել է հայրն ասաց.
«Տղաս թմրանյութի նկատմամբ կախվածություն ձեռք է բերել բանակում: Մի քանի անգամ հիվանդանոց ենք պառկեցրել, որ բուժվի, բայց բուժումները ստանալուց հետո նորից գտնում էր այդ թմրանյութի վաճառքով զբաղվողներին, որ նորից առներ: Անցած տարի պառկած էր հոգեբուժարանում: Մի քանի օր անց ինձ զանգում է բժիշկն ու ասում, որ տղայիս մահացած տարել են վերակենդանացման բաժանմունք: Գնում եմ հիվանդանոց, իմանում եմ, որ հոգեբուժարանում հիվանդների միջև կռիվ է եղել, Գեղամը պաշտպանել է, ու 4-5 հոգով տղայիս ծեծի են ենթարկել: Մի քանի օր անգիտակից վիճակում էր, անգամ կլինիկական մահ է տարել: Մի կերպ փրկեցինք: Բայց այդ հիվանդանոցի 3-րդ հարկից փորձել էր սավաններն իրար կապելով իջնել, փախնել, որ նորից հետ չգնա հոգեբուժարան: Սակայն լուսամուտից իջնելուց ընկել էր ու ոտք, ձեռք,գլուխ ջարդել: Տեղափոխեցինք ուրիշ հիվանդանոց: Ես ու կինս հերթով մնում էինք կողքը, բայց չգիտեմ ոնց կնոջս մեքենան վերցրել, փախել էր: Չգիտեմ, այս ընթացքում տարբեր միջոցներ ենք ձեռնարկել Գեղամին բուժելու համար»:

Հարցին՝ արդյո՞ք դիմել են պատկան մարմիններին, որպեսզի գտնեն և կանխեն թմրանյութի վաճառքով զբաղվողներին, հայրն ասաց. «Տղայիս հեռախոսով մի քանի անգամ գնացել եմ ոստիկանություն: Համարներ եմ ցույց տվել, ասել եմ, որ տվյալ համարներին է զանգել և թմրամիջոց ձեռք բերել, բայց ոստիկանների կողմից ոչ մի քայլեր չեն ձեռնարկվել: Թող ոստիկանները հետաքրքրվեն, տեսնեն այդ թմրանյութը որտեղի՞ց է գալիս, ո՞նց են կարողանում ազատ վաճառել: Իմ երեխայի հետ այս դեպքը եղավ, միգուցե դրանից հետո սկսեն փնտրել այդ նարկոբարոններին, որ մնացած երեխաների կյանքը փրկեն: Ոստիկանության պետին այդ դեղից սրսկեմ, 3 օր շոշի մեջտեղը քոչարի կպարի: Ո՞նց են թույլ տալիս, որ գա Հայաստան ու վաճառվի: Դա մարդու հոգեկան աշխարհի վրա է ազդում: Այդ դեղը մեր երեխաներին սպանում է»:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համմեր» մակնիշի մեքենայի վարորդը՝ Արարատի բնակիչ Գեղամ Սահրադյանը, կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին