Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 16:46 29-01-2023

Հայ-ադրբեջանական հակամարտության հարցում մենք պատրաստ ենք միջնորդի դեր ստանձնել․Եգիպտոսի նախագահ

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն և նշել, որ այն պատմական է։ Նախագահի խոսքով՝ երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, որը շարունակում է ամրապնդվել Հայաստանի և Եգիպտոսի կայուն հարաբերություններով:

Ողջունելով պաշտոնակցին, նախագահ Խաչատուրյանը նշել է նաև, որ Եգիպտոսի բարեկամ ժողովուրդն առաջիններից էր, որն ապաստան տվեց Օսմանյան կայսրությունում Ցեղասպանության վայրագություններից փրկված հազարավոր հայերի և աշխարհասփյուռ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա այն հյուրընկալությունը, որը մեր հայրենակիցներին ցուցաբերվեց: Նախագահի խոսքով՝ եգիպտահայ համայնքը դարձել է մեր բարեկամ երկրներն իրար կապող կարևորագույն կամուրջներից մեկը։

Ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունելով Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին և պատվիրակության անդամներին մասնավորապես ասել է. «Ուրախ ենք ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում: Անձամբ ես ուրախ եմ ձեզ հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում: Սա պատմական իրադարձություն է. Եգիպտոսի նախագահն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: Շնորհակալություն:

Մենք հպարտ ենք, որ Դուք այստեղ եք: Մեր առանձնազրույցի ընթացքում միմյանց ներկայացրեցինք նաև մեր անհանգստությունները: Պարոն նախագահը ներկայացրեց Եգիպտոսի և տարածաշրջանային որոշ խնդիրներ: Ես ներկայացրեցի մեր տարածաշրջանային և Հայաստանի Հանրապետության խնդիրները:

Գաղտնիք չէ, որ Եգիպտոսն իր տարածաշրջանում գերտերություն է և հայտնի է նաև, որ միջնորդական առաքելության մեծ փորձ ունի և, որ ամենակարևորն է՝ խաղաղության գաղափարախոսության իրականացնող, հարևանների հետ խաղաղ ապրելու, խաղաղ գոյակցելու գաղափարախոս երկիր է: Այս առումով մենք շատ նման ենք իրար, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքականությունն է այդպիսին՝ հասնել տարածաշրջանում խաղաղության, հարևանների հետ ապրել խաղաղ, բարեկեցիկ կյանքով: Համոզված եմ, որ մենք Եգիպտոսի փորձի կարիքը ևս ունենք:

Մեկ անգամ ևս շնորհակալություն այցի համար: Վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումներն արդյունավետ կլինեն և կնպաստեն մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»:
Նախագահ Խաչատուրյանը կարևորել է հայ-եգիպտական առևտրատնտեսական կապերի զարգացման ներուժի ամբողջական օգտագործումը՝ գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում:

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել հայ-եգիպտական բազմաշերտ համագործակցությունն առաջ մղելու անհրաժեշտությունը՝ ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ դիվանագիտական հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Իր խոսքում Եգիպտոսի նախագահը նշել է, որ Եգիպտոսը նույնպես առնչվել է տարածաշրջանային հակամարտությունների և իր հերթին պատրաստակամ է հնարավոր ջանքերը ներդնել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման համար:

«Եգիպտոսը մինչ օրս շարունակում է տարբեր տարածաշրջանային խնդիրների և կոնֆլիկտների ականատես լինել և պետք է արձանագրել մեկ շատ կարևոր հանգամանք, որ նախորդ դարի 70-ական թվականներից սկսած Եգիպտոսը գնաց խաղաղության ճանապարհով և այդ ճանապարհին բախվեց մի շարք խոչընդոտների…

Ձեզ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում ես արձանագրեցի, որ մենք հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ունենք չեզոք դիրքորոշում և այս իմաստով, եթե դուք ընդունում եք մեր միջնորդությունը և կցանկանաք, որ մենք միջնորդենք կամ նման դեր ստանձնենք, ապա մենք պատրաստ ենք»:

Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են գյուղատնտեսության, ենթակառուցվածքների ոլորտներում լավագույն փորձի փոխանակմանը, տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման, ինչպես նաև երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացման խոչընդոտների հաղթահարման ուղիներին, մասնավորապես՝ այս նպատակով Երևան-Կահիրե կանոնավոր ուղիղ չվերթների իրականացման հնարավորություններին:

Այնուհետև երկու երկրների նախագահների մասնակցությամբ ստորագրվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև գիտական և տեխնոլոգիական համագործակցության մասին», «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և ազատ առևտրի գոտիների տնօրինության», «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության երիտասարդության և սպորտի նախարարության միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրեր:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի