Ներքին 3 տարի առաջ - 16:20 21-01-2023

Արցախի ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է քննարկում՝ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ

Հունվարի 21-ին ԱՀ ԱԺ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է քննարկում՝ շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ:

Քննարկմանը մասնակցում էր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը: Հրավիրված էին սոցիալական, առողջապահության, էներգետիկ համակարգի պատասխանատուներ:

Ներկայացնելով իր ղեկավարած ոլորտում տիրող իրավիճակը՝ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նորանշանակ նախարար Արմեն Մանգասարյանը տեղեկություն է տրամադրել արդեն 2 օր գործող կտրոնային համակարգի առանձնահատկությունների, թոշակների և կենսական նշանակության այլ վճարումների ընթացքի, երեխաների խնամքի և պաշտպանության կենտրոնին և Ստեփանակերտի տուն-ինտերնատին սնունդով մատարակարելու, սոցիալական տարբեր խավերի տրամադրվող անհրաժեշտ օգնության վերաբերյալ:

Անդրադառնալով զբաղվածության խնդրին՝ նախարարն ասել է, որ ստեղծված իրավիճակում ավելի քան 700 գործատու չի կարողանում աշխատանք ապահովել աշխատակիցների համար: Մինչև հունվարի 25-ը կմշակվի առկա սոցիալական լարվածությունը մեղմացնելու միջոցառումների ցանկ:

Առողջապահության հիմնախնդիրները ներկայացրել է նորանշանակ նախարար Սամվել Ավետիսյանը: Ըստ նրա՝ ներկա դրությամբ 274 հիվանդ կա, որից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Շրջափակման ընթացքում տեղափոխության անհնարինության պատճառով մեկ հիվանդ մահացել է: Մինչ օրս ՀՀ է տեղափոխվել 42 հիվանդ, թիվն աճման միտում ունի:

Պաշարման ընթացքում Արցախում 158 երեխա է ծնվել, Ստեփանակերտի մոր և մանկան կենտրոնում գտնվող կանանց թիվը 23 է, հղի կանանց վիտամինային բալանսը ապահովվում է նաև խաղաղապահների օգնությամբ, մանկական սննդի խնդիր առայժմ չկա, դեղորայքով ապահովված են բոլոր բուժհաստատությունները: Խնդիր կա տակդիրների ու կանանց հիգիենիկ պարագաների հարցում:

Շտապօգնության մեքենաների համար վառելիք կա, որոշները կգազաֆիկացվեն, ծայրահեղ դեպքում կօգտվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներից: Էներգետիկ ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ վառելիքի քանակով ու գեներատորներով համակարգն ապահովված է:

Հաղորդումներով հանդես եկան նաև «Արցախէներգո» ՓԲԸ տնօրեն Անդրանիկ Խաչատրյանն ու ու «Արցախգազ» ՓԲԸ տնօրենի տեղակալ Արթուր Դադասյանը:

Անդրանիկ Խաչատրյանը տեղեկություն ներկայացրեց վթարի պատճառի ու վայրի, էներգետիկ համակարգի առկա ռեսուրսների մասին, հիմնավորեց այսօրվանից վեցժամյա հովհարային անջատման անցնելու որոշումը: Նա տեղեկացրեց, որ արտադրական ցիկլը չխաթարելու համար 24 ժամյա ռեժիմով էլեկտրաէներգիայով ապահովվում են 2 կաթի գործարաններն ու հացի թխման կետերը:

Արթուր Դադասյանն անդրադարձավ գազամատակարարման խնդիրներին:Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ գազամատակարարումը հանրապետությունում վերականգնված է:

Պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել զեկուցողներին, հանդես են եկել առաջարկություններով: Նրանք առաջարկել են օր առաջ ներդնել բնակչության կարիքների գնահատման ծրագիրը, որով իրականացվող սոցիալական աջակցությունը հասցեական կլինի, անդրադարձել են կտրոնային համակարգի արդյունավետությունը բարձրացնելու խնդրին, առաջարկել են կտրոն սահմանել նաև ձվի ու կաթնամթերքի համար, մանկական սննդի բաժանումն էլ իրականացնել տեղամասային բուժաշխատողների օգնությամբ:

Շեշտվել է օրենսդիր-գործադիր համագործակցությամբ տեղերում ծագող խնդիրները վերհանելու ու դրանց համակարգված լուծում տալու անհրաժեշտությունը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»