Ներքին 3 տարի առաջ - 20:53 20-01-2023

Մայր Աթոռում քննարկել են Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու իրականացրած աշխատանքները և առաջիկա անելիքները

Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի նիստը։

Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Նիստին քննարկվեցին Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու կողմից իրականացվող քայլերի, մասնավորաբար՝ իրավական անհրաժեշտ գործիքների կիրառման, ինչպես նաև առաջիկա անելիքների հետ կապված հարցեր:

Զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ Գերաշնորհ Տ․Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը` արձանագրելով, որ դեկտեմբերի 12-ից Արցախը Հայաստանի հետ կապող Բերձորի (Լաչինի) միակ ճանապարհի արգելափակման հետևանքով արցախահայությունը շարունակում է գտնվել հումանիտար աղետալի իրավիճակում։ Բնապահպանական կեղծ պատճառաբանություններով ոտնահարվում են Արցախի հայերի տեղաշարժի, սնունդ ու բժշկական աջակցություն ստանալու և կենսական մյուս իրավունքները:

Ներկայացվեցին ճգնաժամային նման իրավիճակում Վեհափառ Հայրապետի և Մայր Աթոռի կողմից իրականացված աշխատանքները, մասնավորապես անդրադարձ կատարվեց այն հանգամանքին, որ դեռևս դեկտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիշյալ հարցի վերաբերյալ մի շարք գրություններով դիմել էր Քույր Եկեղեցիների պետերին և միջազգային կառույցներին, որպեսզի իրենց աջակցությունը բերեն արցախահայությանը: Նորին Սրբությունն արձանագրել է, որ Արցախը, մնալով շրջափակման մեջ, կանգնած է լիակատար հումանիտար աղետի առջև։ Ի պատասխան Նորին Սրբության կոչի, արձագանքներ են ստացվել Ռուս Եկեղեցու Պետի, Հռոմի Սրբազան Քահանայապետի, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի, Եվրոպական Եկեղեցիների Խորհրդի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարների կողմից:

Միաժամանակ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն Արցախի արգելափակման առնչությամբ մի շարք հանդիպումներ է ունեցել պետական, քաղաքական, միջազգային և դիվանագիտական տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:

Նորին Սրբության կողմից շրջաբերական գրություն է ուղղվել նաև Հայաստանի և Սփյուռքի բոլոր թեմերի առաջնորդներին, առ այն, որ թեմական, համայնքային, ազգային կառույցների ջանքերի համադրմամբ Արցախում ստեղծված աղետալի իրավիճակի խնդիրը բարձրացվի ու ներկայացվի պետական, միջազգային, դիվանագիտական ու մարդասիրական պատկան կառույցների ու կազմակերպությունների առջև:

Զեկույցի ավարտին ծավալվեց մտքերի փոխանակում, ներկայացվեցին առաջարկներ, որոնք կյանքի կկոչվեն առաջիկայում։ Առանձնահատուկ կերպով ընդգծվեց արցախահայերին սննդով և կենսական անհրաժեշտության պարագաներով ապահովելու կարևորությունը:

Վերջում Նորին Սրբությունն, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, համապատասխան հանձնարարականներ ուղղեց Մայր Աթոռի պատկան կառույցների ղեկավարներին՝ արձանագրելով, որ Հայոց Եկեղեցին հնարավոր բոլոր ջանքերը շարունակելու է գործադրել հումանիտար ճգնաժամը հաղթահարելու և պաշտպանելու արցախահայության հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու իրավունքը:

Խորհրդակցության ավարտին Վեհափառ Հայրապետն աղոթք հնչեցրեց աշխարհի խաղաղության և Հայաստանի ու Արցախի անվտանգ ու ապահով կյանքի և համայն հայ ժողովրդի բարօրության համար:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ