Ուղիղ եթեր
Միտք 3 տարի առաջ - 13:31 17-01-2023

Աղետը շեմին է, իշխանությունը՝ սալոնային հյուրախաղերի, իսկ դիմացը՝ անգործություն. Վահե Հովհաննիսյան

«Մեկը չկա՞, որ մոլորված դաշնակահարին ասի. երբ դու նախագահ ես ու քո ժողովրդի մի մասը գտվում է ցեղասպանության վտանգի տակ (քո իսկ վարչապետի ձևակերպմամբ), ապա իրավունք չունես օտար երկիր պաշտոնական այցի ժամանակ դաշնամուր նվագելու։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նաև նշել է. «Ի՞նչ ես ուզում դրանով ասել, որ անհո՞գ ես, թքա՞ծ ունես 120 հազար հայի վրա, թե՞ մեսիջ ես ուղարկում միջազգային հանրությանը, թե ամեն ինչ նորմալ է, իր հունով գնում է։ Պաշտոնական ելույթի ժամանակ էլ միակ նշանակալի բանը, որ անում է, ՆԱՏՕ-ի անդամ երկրում Ռուսաստանից բողոքելն է։ Նա ընդհանրապես հասկանո՞ւմ է՝ պետությունը ի´նչ է, աղետը ի´նչ է։

Մենք առաջին խելագար պետությունն ենք կարծես թե։ Նախորդ նախագահը, երկիրը աղետի շեմին թողնելով, գաղտագողի Աբու-Դաբիից ճողոպրեց ու հիմա տաք Լոնդոններից մտահոգություններ է արտահայտում։
Վաղը, երբ Հայաստանում մեծ ողբերգությունը կայանա, էլի նրանցից մեկը դաշնամուր է նվագելու, մյուսը՝ ցավակցական Tweet ուղղի սեփական ժողովրդին։

Ամեն ինչ պետք է արվի, որ երբ գա ժամանակը, բոլորի դերակատարումը այս մեծ պատմական աղետի մեջ պարզվի։ Մի օր պետք է պարզել պատերազմի օրերին և դրանից որոշ ժամանակ առաջ Անվտանգության Խորհրդի բոլոր անդամների պահվածքը, հանդիպումները, դերակատարումը՝ ո´ր երկրում էլ ապրեն, ո´ր ռեյսով էլ գնացած լինեն։

Մեկը չկա՞ բացատրի հայ ժողովրդին, որ երբ ուրախանում եք ՀԱՊԿ զորավարժությունների չեղարկումով և ՌԴ ռազմաբազայի լուծարման գաղափարով, իսկ արևմուտքից ոչ մեկը ձեզ չի տալիս որևէ անվտանգային երաշխիք (արևմուտքն այդ մասով ազնիվ է), իսկ քո թշնամին քո սահմանների մատույցներում 8 երկրի մասնակցությամբ զորավարժություն է անում ու հետն էլ շեշտում՝ Հայաստանի սահմանին, որը նույնն է, թե՝ Հայաստանի դեմ, նշանակում է, որ քեզ մեծ աղետ է սպասում։

Ու մի օր երբ թուրք-ադրբեջական զորքը կսկսի «խաղաղության Զանգեզուր» բարի անվանումով օպերացիան, չեք էլ հասցնելու հասկանալ, ինչու այսպես եղավ։ Ու վստահ եմ՝ նույնիսկ այն ժամանակ զարմացած հարցնելու են՝ բա Ռուսաստանն ինչո՞ւ չօգնեց, մեզ մենակ թողեց։

Կոչ եմ անում իմ ընկերներին, հանրային մեծ խումբ պարկեշտ պայքարող գործիչներին. ժամանակն է՝ ամեն ինչի մասին խոսել ավելի պարզ ու առանց ավելորդ քաղաքավարության։ Մեզ իրավիճակ փրկելու քիչ ժամանակ է մնացել։ Ու պետք չէ սահմանափակվել միայն վերջին երկու «գաստրոլյոր» նախագահների կամ գործող իշխանության դերակատարմամբ։ Կա´մ պահելու ենք պետություն, կա´մ դիմավորելու ենք աղետը։ Այդ աղետին կնսպաստես քո ակտիվ քայլերո՞վ, թե՞ պասիվ անտարբերությամբ. տարբերությունը պատմական կտրվածքով շատ մեծ չի լինելու»։

Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանը դաշնամուր է նվագել Էստոնիայի նախագահի հետ ընթրիքի ընթացքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին