Ներքին 3 տարի առաջ - 21:58 10-01-2023

Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանը

Հունվարի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնվեց Ռուսաստանի Դաշնության Պատվո շքանշանը։ Վեհափառ Հայրապետը պետական պարգևին արժանացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և տարբեր կառույցների ղեկավարներ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արարողակարգային և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ողջույնի խոսքից հետո Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ընթերցեց ՌԴ նախագահի հրամանագիրը, ապա Նորին Սրբությանը հանձնեց ՌԴ Պատվո շքանշանը։

Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ներկաներին։ Հայոց Հովվապետը, ի դեմս ՌԴ դեսպանի, շնորհակալություն հայտնելով նախագահ Վլադիմիր Պուտինին ազնիվ ուշադրության և գնահատանքի համար, ի մասնավորի ընդգծեց.

«Մեր ժողովուրդներն ունեն դարավոր բարեկամության հարուստ պատմություն, որը կոփվել ու թրծվել է համատեղ կրած նեղություններով ու դժվարություններով և բազում հաղթանակներով։ Մեր ժողովուրդների եղբայրությունը ամրորեն հաստատված է քրիստոնեական մեր հավատքի ու դավանած ընդհանուր արժեքների վրա»։

Նորին Սրբությունը հայ ժողովրդի նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի և զորակցության վկայություն նկատեց Ռուսաստանի Դաշնության և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ջանքերը 44–օրյա արցախյան պատերազմի դադարեցման գործում, ինչպես նաև շարունակվող աջակցությունն ուղղված պատերազմի աղետալի հետևանքների հաղթահարմանը, արցախահայության անվտանգության ապահովմանը, Դադիվանքի ու հայոց հնամենի սրբավայրերի պահպանությանը։

Անդրադառնալով մերօրյա մարտահրավերներին` Հայոց Հայրապետն արձանագրեց.
«Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով։ Աղոթում ենք, որ արդյունավորվեն ռուս խաղաղապահների ջանքերը՝ ուղղված Լաչինի միջանցքի արգելափակման վերացմանը և Արցախում տիրող աղետալի վիճակի հաղթահարմանը։ Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը, վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը»։

Ռուսաստանի Դաշնության այս բարձր պարգևի շնորհումը դիտարկելով հայ-ռուսական բարեկամության, Հայաստանի և Ռուսաստանի միջև հոգևոր-մշակութային կապերի զորացման գործում Հայոց Եկեղեցու պատմական դերակատարության արժևորում և գնահատանք Ռուսաստանի կյանքում հայ համայնքի կարևոր ավանդի` Նորին Սրբությունը հաստատեց, որ երկու ժողովուրդների բարեկամության ակունքներում կանգնած Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիներն իրենց Հովվապետերի առաջնորդությամբ ամենայն ջանք ի գործ են դնելու հանուն այս դարավոր բարեկամության առավել ամրապնդման և հարատևության։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ այսօրվա փոթորկոտ և տագնապներով լի աշխարհում Ամենողորմ Տերը խաղաղության իր շնորհները հեղի համայն մարդկության կյանքին և ապահովության ու բարօրության մեջ պահի երկու եղբայր ժողովուրդներին՝ պարգևելով արդյունաշատ գործակցություն և մշտանորոգ ձեռքբերումներ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ