Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 14:58 24-12-2022

Հայաստանը ԼՂ-ին կապող միջանցքի արգելափակումն անընդունելի է և հղի է ծանր հումանիտար հետևանքներով. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոնան պատասխանել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի նամակին և անդրադրաձել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին: Նա խոսել է նաև Հայաստանում ԵՄ դիտորդների առաքելության երկարաձգման անհրաժեշտության մասին: Անն-Լորանս Պետելը այս մասին հայտնել է «Թվիթեր»-ի իր էջում:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում հանդիպումն արդյունավետ է եղել, քանի որ գազամատակարարումը վերականգնվել է, իսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հասանելիություն ունի Լեռնային Ղարաբաղում:

«Ես լիովին կիսում եմ ձեր մտահոգությունը. դեկտեմբերի 12-ից Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող այդ միջանցքի արգելափակումն անընդունելի է և հղի է ծանր հումանիտար հետևանքներով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար: Ֆրանսիան անմիջապես հանդես է եկել տեղաշարժի սահմանափակումների անհապաղ և անվերապահորեն վերացման կոչով և հիշեցրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների մասին ՝ երաշխավորել մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով։ Ինչպես գիտեք, Լաչինի միջանցքը փաստացի գտնվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ ՝ նույն եռակողմ հայտարարության համաձայն։ Ոչ Ֆրանսիան, ոչ Եվրամիությունը, ոչ էլ ՄԱԿ-ը ներկա չեն այնտեղ։ Պետք է արձանագրել, որ Ռուսաստանն այսօր դեռ ի վիճակի չէ կամ չի ցանկանում ապահովել իրեն վստահված անվտանգության երաշխիքները: Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը ՝ Ֆրանսիան հանդես է եկել նախաձեռնությամբ ՝ Հայաստանի իշխանությունների խնդրանքով հարցը ներառել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի դեկտեմբերի 16-ի նիստի օրակարգում։ Այս հանդիպմանը հաջորդել է, կրկին Ֆրանսիայի նախաձեռնությամբ, անվտանգության խորհրդի նոր արտահերթ նիստը բաց ձևաչափով, որը թույլ տվել է նրա բոլոր անդամներին հայտարարել միջանցքով շարժման շուտափույթ վերականգնման և մարդասիրական կազմակերպությունների Լեռնային Ղարաբաղ մուտքի հասանելիության մասին»,- նամակում նշել է Քեթրին Կոլոնան:

Քեթրին Կոլոնան ասել է, որ Ֆրանսիան մշտական կապի մեջ է իր եվրոպական և ամերիկյան գործընկերների, ինչպես նաև բոլոր կողմերի հետ շուտափույթ կարգավորման հասնելու համար։

Նա նաև նշել է, որ Ֆրանսիան ջանքեր է գործադրում, որպեսզի ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելությունը Հայաստանում ստանա մշտական կարգավիճակ: Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի՝ այս առաքելությունը թույլ է տվել զգալիորեն նվազեցնել սահմանային լարվածությունը և վստահության ամրապնդման կարևոր միջոց է հանդիսացել Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող բանակցություններին աջակցելու համար։

«Այդ կապակցությամբ դեկտեմբերի 20-ից ՀՀ տարածքում գործարկվել է գնահատման և պլանավորման ժամանակավոր առաքելություն։ Դա թույլ կտա նախապատրաստվել ԵՄ քաղաքացիական դիտորդների առաքելության արագ տեղակայմանը, որը կսկսվի հենց Եվրամիության 27 անդամ պետություններ հաստատեն դրա մանդատը: Հավատարիմ լինելով իր արժեքներին՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին՝ Ֆրանսիան շարունակում է, ինչպես ավելի քան երեք տասնամյակ, անխոնջ աշխատել հանուն Կովկասում արդար և հարատև խաղաղության: Խաղաղություն, որից առաջին հերթին հայ ժողովուրդը կշահի»,- եզրափակել է Կոլոնան:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին