Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:06 15-12-2022

Համայն հայությունը պետք է հասկանա՝ ինչ է կորցնում և ինչ է շահելու. Արթուր Թովմասյան

Արդեն 3-րդ օրացուցային օրն է, ինչ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ մայրուղին փակ է: Այս մասին ասված է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի տարածած հայտարարության մեջ:

«Անկեղծ ասած, ցավ ապրեցի, երբ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՀՀ ԱԺ խմբակցություններն առանձին - առանձին հանդես եկան հայտարարություններով:

Այս պայմաններում, երբ Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև, երբ Արցախում ապրող ժողովուրդը զրկված է գազամատակարարումից, երբ առողջական ծանր խնդիրներով հիվանդները զրկված են անհրաժեշտ դեղորայքից և առողջապահական ծառայություններից, պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումից, երբ մանկապարտեզներում ու դպրոցներում կասեցվել է բնականոն աշխատանքը, կարծում եմ ,ՀՀ խորհրդարանի բոլոր խմբակցությունները միասնական հայտարարությամբ պետք է արտահայտեին Արցախի հանդեպ Ադրբեջանի հրահրած վերջին սադրանքների մասին իրենց մտահոգություններն ու դատապարտող կոչերը:

Անիմաստ ենք համարում անընդհատ կրկնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի դրույթները, որոնց Ադրբեջանը ոչ միայն հավատարիմ չի մնում, այլև ցանկացած անհիմն պատրվակի տակ կոպտորեն խախտում և խաթարում է Արցախում ապրող ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքը:

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում անհրաժեշտ է համարում «օդային միջանցք»-ի բացումը և Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը: Նման պայմաններում, երբ փակ է միակ ցամաքային ճանապարհը, «օդային միջանցքի» բացումը լավագույն այլընտրանքն է հումանիտար աղետի կանխման համար:

Փոքրիկ Արցախը իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն վտանգված է նրա ժողովրդի ապրելու և կյանքի իրավունքը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս մտահոգություն է հայտնել Հայաստանը Արցախին կապող միակ մայրուղու փակման կապակցությամբ: Նա կողմերին կոչ է անում միջանցքով ապահովել անխափան երթևեկությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների:

Քաղաքակիրթ աշխարհին պետք է մտահոգի այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում: Հումանիտար աղետի առջև կանգնած Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով հասցեական հայտարարությունների կարիք ունի:

Ցեղասպանությունից տառապել և տառապում են աշխարհի տարբեր ժողովուրդներ, ազգեր ու ազգություններ, իսկ հայ ժողովրդի համար այն անցյալն է, ներկան, բայց ոչ՝ ապագան: Համայն հայությունը պետք է հասկանա՝ ինչ է կորցնում և ինչ է շահելու: Այս իրավիճակում մենք չունենք անգամ սակավաթիվ հաղթաթղթեր:

Արցախի ժողովուրդը կայացրել է իր հերոսական որոշումը՝ կառուցել ժողովրդավարական երկիր և ապրել արժանապատիվ խաղաղության պայմաններում, բայց ոչ պարտադրված խաղաղության:
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում աշխարհի տարբեր երկրների և միջազգային կառույցների կոչերն ու դատապարտող հայտարարությունները Արցախում առկա հումանիտար ճգնաժամի առիթով, սակայն մտահոգություններն ու կոչերը քիչ են, մեզ անհրաժեշտ են գործուն ու տեսանելի քայլեր:

Կարծում եմ՝ տեղին է ասված՝ կարևոր չէ, ով է քեզ դեմ, կարևոր է՝ ով է կողքիդ: Մեր կողքին գտնվող մարդիկ, կամ կազմակերպությունները, կամ դաշնակիցները, կամ ՀՀ մեր քույրերն ու եղբայրները, համահայկական սփյուռքը պետք է գիտակցեն, որ արցախյան հակամարտությունը վերածվել է մահաբեր հակամարտության:

Սիրելի´ հայրենակիցներ,

Արցախը չպետք է փնտրել տարածաշրջանի և օտար պետությունների մեջ: Արցախը բոլորիս մեջ է. սա պետք է հասկանանք ամենքս: Եվ եթե յուրաքանչյուրս մեր մեջ այդ արժանապատիվ աշխարհատարածքը փնտրենք , հայտնաբերենք, ոչ ոք չի կարող ստիպել ապրել պարտադրված երկրում:

Արցախի իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին են, ինչքան էլ մեզ մաշեն, սպառնան, ահաբեկեն, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, որոնք արժանի են ուշադրության և հարգանքի:

Համոզված եմ, որ մեզ կտան այնքան, ինչքան ինքներս մեզ գնահատում ենք:

Երջանիկ եմ, որ ապրում եմ Արցախում: Ամեն մի աշխատանքային օր ինձ համար բացվում է այն զգացողությամբ ,որ այն վերջինն է երկրային կյանքում: Այս պահին իմ ներաշխարհում նույնականացված են հայրենիքի համար ապրելու նահատակվելու զգացողությունները:

Կյանքը բումերանգ է և պայքար»,- ասված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին