Մշակույթ 3 տարի առաջ - 17:21 04-11-2022

Կվերականգնվեն Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու պատը և Հաղպատ վանական համալիրի պարիսպն ու աշտարակը


Կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերում:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հարցի զեկուցման ժամանակ նշել է, որ վերաբաշխումը կատարվում է Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հյուսիսային ավանդատան արտաքին պատի վերականգնման նպատակով՝ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ: Եկեղեցու պատը գտնվում է վթարային վիճակում և ունի վերականգնման կարիք:

Նախարարի խոսքով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից պատրաստվել և ԿԳՄՍ նախարարություն է ներկայացվել վերականգնման և ամրակայման նախագիծ: Աշխատանքների ընդհանուր նախահաշվային արժեքը կազմում է 8 մլն 285,7 հազար դրամ: ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարվել է պայմանով մրցույթ, կնքվել են կապալի և տեխնիկական հսկողության պայմանագրեր: Աշխատանքները կսկսվեն՝ գումարը հատկացնելուն պես:

Որոշմամբ նաև 2 մլն 771 հազար դրամ կհատկացվի Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատի և աշտարակների վերանորոգման, անհրաժեշտ գիտանախագծային փաստաթղթերի մշակման և փորձաքննության համար: Աշտարակներից մեկից վերջին մի քանի երկրաշարժերից հետո քարաթափումներ են եղել, աշտարակը վթարային վիճակում է, կան մեծ ճաքեր, և առկա է փլուզման վտանգ: Վնասվել են նաև մյուս աշտարակների և պարսպի որոշ հատվածներ: Հաղպատ վանական համալիրի պարսպապատի և աշտարակների համար ևս նախարարության կողմից հայտարարվել է պայմանով մրցույթ, կնքվել է պայմանագիր:

Անդրադառնալով նախատեսվող աշխատանքներին` Վարչապետը շեշտել է Բջնիի եկեղեցու պատի շինարարության արագ իրականացումը` կարևորելով, որ զուգահեռաբար լուծում տրվի նաև Բջնիի պատմական ամրոցի տեսանելիության խնդրին, որի մասին ևս ավելի վաղ տրվել էր հանձնարարական: «Խնդիրն այն է, որ Բջնիի ամրոցի երևացող և լավ վիճակում գտնվող պարիսպները փակված են այգիների, բարձր ծառերի հետևում, և իմ հանձնարարականի էությունն էր՝ բանակցել, հարակից տարածքները ձեռք բերել և հուշարձանի տեսանելիությունը բացել, ինչը, կարծում եմ, նաև Բջնի բնակավայրի և տուրիստական հոսքերի համար շատ էական նշանակություն կունենա: Այնտեղ նաև ամրոց տանող ճանապարհի բարելավման խնդիր կար»:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնել է, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տարածքային մարմինների հետ համատեղ աշխատանք է տարվում տարածքում գործունեություն ծավալող բնակիչների հետ համաձայնության գալու ուղղությամբ:

Վահրամ Դումանյանը նաև ընդհանուր տեղեկատվություն է ներկայացրել պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքների, ենթակառուցվածքային լուծումների վերաբերյալ:

Նշենք, որ ընդունված որոշմամբ վերաբաշխումը կատարվել է 79 մլն 938.1 հազար դրամ գումարի շրջանակում, որից 68 մլն 881.4 հազար դրամն ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում