Ուղիղ եթեր
Մշակույթ 3 տարի առաջ - 18:02 28-10-2022

Մեկնարկել են Թալինի Կաթողիկե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները


Մեկնարկել են ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Կաթողիկե եկեղեցու մեծ տաճարի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները՝ բարերարներ Վահե և Վիգեն Բադալյանների նախաձեռնությամբ ու աջակցությամբ:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ վերականգնողական աշխատանքները՝ որմնանկարների պահպանությանը զուգահեռ, նախատեսվում է ավարտին հասցնել 2024 թվականին։

Եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների գիտանախագծային փաստաթղթերը բարերարների կողմից 2021 թվականին պատվիրվել և համաձայն սահմանված կարգի՝ ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համաձայնեցմանը։ Նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 2021 թ․ հունիսի 4-ին կայացած 4-րդ նիստում քննարկվել է հուշարձանի էսքիզային նախագիծը (հեղինակ՝ վերականգնող ճարտարապետ Հովհաննես Սանամյան) և արժանացել դրական եզրակացության:

2022 թ․ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն են ներկայացվել արդեն աշխատանքային նախագծերը, որոնք համաձայնեցնելուց հետո լիազոր մարմինը տրամադրել է նաև վերականգնողական աշխատանքների թույլտվությունը։

Վերականգնողական աշխատանքների մեկնարկից առաջ անհրաժեշտ էր նաև ստանալ մասնագետների խորհրդատվությունը Թալինի Կաթողիկե եկեղեցում պահպանված որմնանկարների պահպանության վերաբերյալ։

Այս հարցում, լիազոր մարմնի խորհրդով, բարերարները համագործակցել են թե՛ տեղացի որմնանկարների վերականգնող մասնագետների, թե՛ Ռումինիայից ու Ռուսաստանից հրավիրված մասնագետների հետ, որոնք նախարարության խնդրանքով տեղում ակնադիտական ուսումնասիրություն են կատարել։ Մասնագիտական կարծիքները վերականգնման աշխատանքներում կլինեն կողմնորոշիչ:

Թալինի Կաթողիկե եկեղեցին 7-րդ դարի վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից է, գտնվում է Թալին քաղաքի հյուսիսային մասում: Համալիրը բաղկացած է Կաթողիկե և բազիլիկ եկեղեցիներից, պալատական կառույցից և գերեզմանոցից: Կաթողիկե եկեղեցին վերագրվում է Կամսարական իշխանական տանը։ Տաճարի մասին պատմական և վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել:
Եռանավ, գմբեթավոր, արևմուտքից արևելք ձգված, խաչաձև հատակագծով, եռախորան բազիլիկ կառույցի խորաններն արտաքուստ հնգանիստ են: Ավագ խորանի հյուսիսային և հարավային կողմերում կառուցված են ավանդատներ, որոնց վերին հարկերը ծառայել են որպես գաղտնարաններ: Աղոթասրահը երկու շարք կամարակալների միջոցով բաժանված է կենտրոնական՝ բարձր ու լայն նավի և երկու կողային թաղածածկ նավերի: Անցումը գմբեթատակ քառակուսուց դեպի թմբուկը իրականացված է չորս առագաստների, իսկ թմբուկից դեպի գմբեթը՝ փոքր տրոմպների (քարե որմածքով բրգաձև, կոնաձև կամ գնդաձև կառուցվածքային տարր, որ հիմնականում ծառայում է գմբեթատակ քառակուսուց գմբեթի շրջանաձև հիմքին անցնելու համար) միջոցով: Ունի հինգ մուտք՝ մեկը արևմուտքից, երկուական՝ հյուսիսից և հարավից: Կառուցված է սև և կարմիր սրբատաշ տուֆ քարով:

Կաթողիկեն առանձնանում է իր արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով՝ լուսամուտների քանդակազարդ պսակներով, քիվերով։ Տաճարի ներսում պահպանված որմնանկարչության մնացորդների պատվիրատուն Մովսես Եկեղեցապանն է եղել, ինչի մասին վկայում է եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունը: Կաթողիկեն վնասվել է 1840 թ. և 1931 թ. երկրաշարժերից: Մասնակի նորոգման և ամրակայման աշխատանքներ իրականացվել են 1947 թ., 1970-1975 թթ.:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում