Ներքին 3 տարի առաջ - 17:27 26-10-2022

Արցախի ժողովրդի անվտանգության խոստումներ տվող Ադրբեջանն իր սպառնալիքներով փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը. Գ. Սեփանյան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հաղորդում է, որ Արցախի ժողովուրդը զրկված է ազատ տեղաշարժի իրավունքի իրացման կարևորագույն հնարավորությունից։

«Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության և անվտանգության խոստումներ տվող Ադրբեջանն արդեն 30 տարի է իր սպառնալիքներով փակ է պահում Ստեփանակերտի օդանավակայանը». գրում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը:

Գեղամ Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«2012֊ին, երբ վերանորոգումից հետո շահագործման է հանձնվել Ստեփանակերտի օդանավակայանը, Բաքվի իշխանություններն ուղիղ տեքստով հայտարարել են, որ ոչնչացնելու են դեպի Ստեփանակերտ թռչող քաղաքացիական օդանավերը։

Քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման այն դեպքերը, որոնց ականատես եղանք 2020 թվականի պատերազմի ընթացքում, հստակ ցուցիչ էին այն բանի, որ ադրբեջանական ղեկավարությունը պատրաստ և ունակ է դիմելու ռազմական ցանկացած բնույթի հանցագործության, ընդհուպ նաև քաղաքացիական օդանավերի թիրախավորման։

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ Հայաստանի հետ օդային հաղորդակցության հնարավորություն ստեղծելու բազմաթիվ պահանջներից հետո։ Գործում էր Ստեփանակերտ֊Երևան և Ստեփանակերտ֊Բաքու և հակառակ ուղղությունները։ Այնուամենայնիվ, ի հեճուկս առկա պահանջարկի, Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները սահմանել էին խիստ սահմանափակ քանակի թռիչքներ դեպի Երևան։

Տարբեր աղբյուրներ վկայում են, որ արցախյան շարժման զուգահեռ Ադրբեջանը սկսել էր օդանավակայանը փակելու գործողություններ ձեռնարկել։ Դա արվում էր հարևան Իվանյան համայնքում լայնածավալ շինարարության միջոցով․ թռիչքուղու ուղիղ հարևանությամբ կառուցվում էին բնակելի տներ՝ խոչընդոտելու օդանավակայանի աշխատանքները և այն վերջնականապես դադարեցնելու համար։

Քաղաքացիական փոխադրումները Ստեփանակերտի օդանավակայանից դադարեցին իրականացվել 1992 թվականից՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով։
Աշխարհում ամեն օր մոտավոր 100 000 քաղաքացիական թռիչք է իրականացվում՝ մարդկանց տեղափոխելով մի վայրից մյուսը, սակայն, այդ թռիչքներից որևէ մեկը չի հասնում Ստեփանակերտ։

Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող խտրական ու ատելության քաղաքականությունն արտահայտվել և արտահայտվում է Ադրբեջանի կողմից ձեռնարկված ցանկացած գործողության մեջ։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ բոլոր կառույցներից և անհատներից ակնկալում ենք համարձակություն՝ տեսնելու, արձանագրելու և հակազդելու ադրբեջանական հանցավոր գործողություններին»։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը