Ներքին 3 տարի առաջ - 09:46 26-10-2022

Մեր երկիրը երբեք չի կորցրել մարդասիրության և համերաշխության բարձրագույն նպատակների հանդեպ իր հավատը. Ա. Միրզոյանի ելույթը Վատիկանում

Հոկտեմբերի 25-ին Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Սուրբ Աթոռի Պետական քարտուղար (վարչապետ) Պիետրո Պառոլինի նախագահությամբ անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» Սուրբ պատարագը, որը նվիրված էր Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ Արարողությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է․

«Ձերդ Վսեմություն Կարդինալ Պառոլին,

Խորապես զգացված ենք Սուրբ պատարագը նախագահելու, Երևանի ու Վատիկանի եղբայրական հարաբերությունների 30-ամյակը մեզ հետ միասին նշելու Ձեր որոշման համար։ Շնորհակալ եմ այս կարևոր իրադարձության կապակցությամբ Ձեր ոգեշնչող խոսքերի և մեզ ուղղված մաղթանքների համար։

Ձերդ Երանելիություն,
Հոգևոր հայրեր և քույրեր,
Տիկնայք և պարոնայք,

Շնորհակալ ենք այստեղ ներկա գտնվելու համար՝ միասին աղոթելու Մարիամ Աստվածածնի վեհաշուք սրբապատկերի առջև՝ Հայաստանում խաղաղության համար։

Չնայած հակամարտություններին և հատկապես վերջերս հարևան երկրի կողմից ուժի դատապարտելի կիրառման հետևանքով առաջացած բազմաթիվ մարտահրավերներին և աղետներին՝ մեր երկիրը երբեք չի կորցրել մարդասիրության և համերաշխության բարձրագույն նպատակների հանդեպ իր հավատը:

Հայ ժողովուրդն ու կառավարությունը մեծապես գնահատում են մեր հարաբերություններն ամրապնդելուն ուղղված Նորին Սրբության օրհնությունը, ինչպես նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, և հայ ժողովրդի դեմ սանձազերծված վերջին ագրեսիային հաջորդած շրջանում Ֆրանցիսկոս Պապի՝ խաղաղության կոչերը և համերաշխության ուղերձները։

Գրեթե երեք տասնամյակ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական կապերի պատմությունն առանձնանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որը մշտապես զարգանում և խորանում է փոխադարձ ջանքերի շնորհիվ։ Այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ կարևոր միջոցառումներ, որոնք ի ցույց են դնում դարերից եկող փոխգործակցության և ներկայիս միջպետական հարաբերությունների մակարդակը։

Ի թիվս այլոց, 2015թ․ ապրիլին Ֆրանցիսկոս Պապի կողմից մատցուված՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշանավորող Սուրբ պատարագը, որին ականատես է եղել ողջ աշխարհը, ինչպես նաև 2016թ․ հունիսին Սրբազան քահանայապետի` Հայաստան կատարած պատմական այցի տպավորությունները հավերժ կմնան մեր հիշողություններում և սրտերում։ Մենք շատ հպարտ ենք, որ հայ ժողովրդի զավակ և միջնադարյան մտքի հանճար Սուրբ Գրիգոր Նարեկացին «Տիեզերական եկեղեցու վարդապետի» կոչում ստացած 36 մեծագույն մտածողներից մեկն է, ում Ֆրանցիսկոս Պապը նաև անվանել է խաղաղության վարդապետ:

Եվ ահա, կարդինալ, պետական քարտուղարի նախագահությամբ այսօրվա արարողությունը քրիստոնեությունը 301թ․-ին որպես պետական կրոն ընդունած երկրի՝ Հայաստանի հետ Սուրբ Աթոռի ամուր բարեկամության ևս մեկ վառ դրսևորում է։

Նշեմ նաև, որ Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների փոխգործակցության դարավոր պատմությունն արժեքավոր խթան է մեր ներկայիս միջպետական կապերի զարգացման համար։ Մենք բարձր ենք գնահատում միջեկեղեցական շարունակական երկխոսությունը, և ես ուրախ եմ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանի, հայ առաքելական ու կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների, Մխիթարյան հայերերի և Անարատ հղության հայ քույրերի ներկայությամբ։ Երախտապարտ ենք Ձեր աջակցության և նվիրական ջանքերի համար։

Ձերդ Վսեմություն,
Տիկնայք և Պարոնայք,

Այս կարևոր տարին հիանալի հնարավորություն է ընձեռում նշելու մեր ձեռքբերումներն ու վկայակոչելու մեր ընդհանուր արժեքները: Մեր նվիրական ցանկությունն է, որ Հայաստան-Սուրբ Աթոռ եղբայրական ուղին և համապարփակ երկխոսությունը՝ խարսխված փոխադարձ հարգանքի և վստահության ոգու վրա շարունակի հարատևել և մեզ բոլորիս աջակցի՝ կառուցելու արդարության և խաղաղության աշխարհ։
Շնորհակալություն»։









Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում