Արտաքին 3 տարի առաջ - 21:57 20-10-2022

Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել Թուրքիայի աջակցությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արցախի Հանրապետության՝ օկուպացված Մեխակավան քաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան հսկայական ծրագրեր է իրականացնում և այդ երկիրը տարածաշրջանում իր խոսքն ունի։

Թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Ալիևը նշել է, որ Թուրքիան աշխարհի կարևոր ուժային կենտրոններից մեկն է, և Անկարան այդ հաջողություններին հասել է անձամբ Ռեջեփ Թայիփ Էրդողանի շնորհիվ։

Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ այսօր իր երկրի համար կարևոր օր է, քանի որ լրանում Արցախի Կովսական (Զանգելան) քաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու երկրորդ տարին։ Նրա խոսքով՝ նախորդ տարի Թուրքիայի նախագահի հետ միասին բացել են Վարանդայի (Ֆիզուլի), իսկ այսօր՝ Կովսականի օդանավակայանը, ինչը փաստում է այն մասին, որ Թուրքիան և Ադրբեջանը միասին են բոլոր ժամանակներում։

Վերջինս հայտնել է, որ Կովսականը գրավելուց հետո ադրբեջանական ուժերը գրավել են Որոտանը (Կուբաթլու), այնուհետև շարժվել Բերձոր և Շուշի։ Ալիևը նշել է, որ նոյեմբերի 10-ին Ադրբեջանը գրավեց Շուշին, ինչից հետո Հայաստանը հանձնվեց։

«Այս ամբողջ փառավոր պատմությունը մեր ընդհանուր պատմությունն է, քանի որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի առաջին իսկ ժամերից եղբայրս՝ Էրդողանը, իր աջակցությունն է հայտնել Ադրբեջանին։ Նա հայտնել է, որ Ադրբեջանը մենակ չէ և Թուրքիան Ադրբեջանի կողքին է։ Այս քաղաքական և բարոյական աջակցությունը շարունակվել է մինչև պատերազմի վերջին օրը։ Դա մեզ լրացուցիչ ուժ է տվել։ Դա կանխում էր որոշ ուժերի միջամտությունը այս հարցին։ Հաղթեց Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունը։ Այսօր վերականգնվող Ղարաբաղում և Զանգեզուրում մենք կրկին տեսնում ենք Թուրքիայի և Ադրբեջանի միասնությունը»,- հայտարարել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել թուրքական ընկերություններին, որոնք իր խոսքով Արցախի գրավյալ շրջաններում մեծ աշխատանք են կատարել։ Նա նշել է, որ տարածաշրջանում կառուցվել է 33 թունել՝ ավելի քան 50 կիլոմետր ընդհանուր երկարությամբ և 84 կամուրջ՝ ավելի քան 12 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։

Ալիևը կարևորել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի միջև առկա միասնությունը։ Նա նշել է, որ երկու երկրների միասնությունն էլ ավելի ամրապնդվեց Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, իսկ նախորդ տարի ստորագրված այսպես կոչված Շուշիի հռչակագրով երկու երկրները պաշտոնապես դաշնակիցներ դարձան։
«Սա մեսիջ է մեր ժողովուրդներին, լուրջ ուղերձ է տարածաշրջանի և աշխարհի համար։ Թուրքիայի և Ադրբեջանի միությունը լուրջ գործոն է տարածաշրջանում։ Դա խաղաղության և կայունության գործոն է։ Եթե ​​ինչ-որ մեկը ցանկանա կրկին մեր նկատմամբ անարդարություն անի, թող լրջորեն մտածի այս գործոնի մասին»,- ասել է Ալիևը։

Նա նաև հավելել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը բարցրացել է համաշխարհային մակարդակի։ Ալիևի համոզմամբ՝ այսուհետև տարածաշրջանում գործընթացները կիրականացվեն Թուրքիայի ու Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ ու թույլտվությամբ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur